Իրականացվող քաղաքականությունը կարող է մեզ տանել թուրք-ադրբեջանական տանդեմից կախվածության. «Փաստ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

վ

«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի ներքաղաքական գործընթացները տարբեր դրսևորումներ են ստանում ու տարբեր գնահատականների արժանանում: Ի՞նչ է կատարվում քաղաքական դաշտում: Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը նշում է՝ հարցը մեկնաբանելու համար պետք է միանգամից մի քանի շերտերի անդրադառնալ:

«Նախքան քաղաքական գործընթացներին անդրադառնալը, կառանձնացնեի գլխավոր կոնցեպտուալ խնդիրը՝ քաղաքական մշակույթի խնդիրներ, որոնք տեսնում ենք այսօր Հայաստանի Հանրապետությունում: Տեսնում ենք, որ քաղաքական մշակույթի թերզարգացածության հետևանքով քաղաքական համապատասխան ինստիտուտները՝ լինի դա իշխանություն, ընդդիմություն, թե երրորդ սեկտորի կառույցներ, հասարակական կառույցներ և այլն, շատ հաճախ իրենց տեղում չեն, բավականին ապահամակարգային գործունեություն են իրականացնում՝ ոչ թե քաղաքական գործընթացի տրամաբանության մեջ մնալով, այլ իրավիճակային կառավարում իրականացնելով: Սա անդրադառնում է հասարակության վրա, իր արտացոլումն է ստանում հասարակության մի կողմից՝ քաղաքական գիտակցության, մյուս կողմից՝ քաղաքական պատասխանատվության վրա:

Կարծում եմ, որ շատ շուտ է շարժման վերաբերյալ որևէ եզրակացություն անելը, որովհետև այսօր անզեն աչքով երևում են Սրբազան շարժման ներքո որոշ վերադասավորումներ: Դադարը, որն իրականում դադար չէ, այլ դինամիկայի փոփոխություն, ուղղված է որոշակի ներքին վերադասավորումներ իրականացնելուն և վերաձևավորելու այս շարժումը, այն ինչ այսօր անում է Բագրատ Սրբազանը: Առավել քան վստահ եմ, որ առաջիկայում լինելու են նոր գործընթացներ հանրային լայն շերտերի ներգրավմամբ. որքանով կարող եմ դատել, գործընթացը տարվում է դրան: Այս պահին գործ ունենք դինամիկայի որոշակի փոփոխության հետ»,-նշում է մեր զրուցակիցը:

Վիճակագրական բոլոր թվերն այդ մասին են խոսում, պարզապես կա հռետորաբանություն և իրականություն: Դիվերսիֆիկացիան յուրաքանչյուր համակարգի անվտանգության բարձրացման առանցքային նախապայմանն է, բայց արի ու տես, որ դիվերսիֆիկացման լոզունգների, վանկարկումների ներքո իրականացվում է քաղաքականություն կամ առնվազն հռետորաբանություն, որն ավելի շատ մեզ կարող է տանել կախվածության ոչ թե արևմտյան ինչոր հաղորդակցություններից, այլև թուրքադրբեջանական տանդեմից: Որպես գլխավոր դրսևորում՝ ուզում եմ ընդգծել գազատրանսպորտային հաղորդակցությունը: Այս իշխանություններն ասում են, որ գազի մատակարարման մասով պետք է գնանք դիվերսիֆիկացման ճանապարհով: Վերջին ամիսներին սկզբում Ալիևը, հետո էլ ՔՊ-ի քաղաքական առաջնորդությունը հայտարարում են այն մասին, որ չեն բացառում Ադրբեջանից բնական գազի ներկրման հնարավորությունը, կրկին նպատակ հետապնդելով նվազեցնել Ռուսաստանից բնական գազի ներկրման ծավալների նվազեցումը: Եթե սկզբունքորեն գնում են գազատրանսպորտային համակարգի դիվերսիֆիկացման ճանապարհով, ապա նախ և առաջ պետք է բարձրացնեն երկու խնդիր:

Ընդգծում է՝ եթե խոսում են դիվերսիֆիկացման՝ Ռուսաստանից կախվածության նվազեցման մասին, ապա ունենք գազատրանսպորտային գործող երկրորդ ուղղություն, խոսքն Իրան-Հայաստան գազամուղի մասին է, որի հզորության ընդամենը 20-ից 30 տոկոսն ենք օգտագործում: «Տարեկան դրա թողունակությունը կազմում է 2,3 մլրդ խորանարդ մետր, լավագույն դեպքում տարեկան ներկրում ենք 350-400 մլն խորանարդ մետր բնական գազ: Դիվերսիֆիկացիոն՝ իրանական ուղղությունը թողած, հայտարարում են Ադրբեջանից բնական գազի ներկրման հեռանկարի մասին: Խնդիրն այստեղ ոչ թե Ռուսաստանի ազդեցության նվազեցումն է, այլ պարզապես մեր էներգետիկ և, առհասարակ, տնտեսական համակարգի ադրբեջանականացումը: Խնդիրը թույլ չտալն է ռուսական և իրանական գործոնի ազդեցության աճին մեր տարածաշրջանում և Հայաստանի Հանրապետությունում մասնավորապես: Բայց սա հանրության լայն շերտերին ներկայացվում է որպես դիվերսիֆիկացմանն ուղղված քաղաքականություն: Դիվերսիֆիկացիան լավ է, բայց այն չպետք է ունենա միայն մեկ ուղղություն, այս դեպքում չպետք է բացառապես կապված լինի թուրքադրբեջանական տնտեսական քաղաքականության հեռանկարների հետ»,-եզրափակում է Վահե Դավթյանը:


--00--ԱՊ