ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 6, 24News
Մենք պետք է գիտակցենք, որ այն, ինչ տեղի ունեցավ Արցախում, կարող է լինել Հայաստանի պարագայում, եթե իրավիճակի փոփոխության կոնկրետ քայլեր չձեռնարկվեն։ Կարող է լինել մի իրավիճակ, որ ինչպես սեպտեմբերի 3-ին Արցախի անկախության օրը նշեցինք երևանյան դահլիճներից մեկում, այնպես էլ մի օր ՀՀ-ի անկախության օրը նշվի էմիգրացիայում, մի ինչ-որ բարերարի տված գումարով, օտար միջավայրում։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ նշել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը։
Ըստ մեր բանախոսի, Ադրբեջանը 20 տարի առաջ որոշում ընդունեց փոխվել, դրեց նպատակ, ուրիշ բովանդակության կառավարող էլիտաներ կրթեց, իսկ մեր պարագայում մենք անգամ չենք գիտակցում, որ կարող ենք պետություն կորցնել։
Հովհաննիսյանի կարծիքով, դրա համար է անհրաժեշտ, որպեսզի Արցախի հիմնախնդիրը մտնի միջազգային օրակարգ, հակառակ դեպքում այն կարող է վերածվել ֆիդայական շարժման։ Խոսելով ընդդիմություն-իշխանություն բանաձևի մասին, նա նկատեց, որ Արցախի կորստից մեկ շաբաթ առաջ և հետո Հայաստանի խորհրդարանը բնականոն աշխատում էր այնպես, ինչպես «ոչինչ էլ չի եղել»։ «Մենք հիմա չենք գիտակցում այն կորուստը, որն ունեցել ենք», - հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ