ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 16, 24News
Հայաստանն ընդգրկվել է Նոր տարվա օրերին ռուսաստանցիների հանգստի համար ամենապահանջված ուղղությունների հնգյակում: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը` հղում անելով «Ավիասեյլս» ավիատոմսերի գնման ծառայության հետազոտությանը։
Ծառայության տվյալներով` Ամանորի արձակուրդն արտերկրում անցկացնող ռուսաստանցիների մասնաբաժինը մեկ տարվա ընթացքում աճել է 4 տոկոսային կետով և կազմել է 29 տոկոս։
«Ամենաշատ ամրագրումները բաժին են ընկել Թաիլանդին (11 տոկոս), Ուզբեկստանին (10 տոկոս), Թուրքիային (8 տոկոս) և Հայաստանին (7 տոկոս): Ռուսաստանցիները թռիչքներ են նախատեսում նաև ԱՄԷ, Ղազախստան, Բելառուս (6-ական տոկոս) և Վրաստան (5 տոկոս): Հաջորդում են Ինդոնեզիան և Չինաստանը (4-ական տոկոս)»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Հետազոտության համաձայն` միջին հաշվով ռուսները արձակուրդ են ամրագրում 10 օրով, իսկ Թաիլանդում և Ինդոնեզիայում հանգստացողները նախատեսում են մնալ 17 օրով: Ընդ որում` ավիատոմսերի 12 տոկոսը բաժին է ընկնում երեխաներ ունեցող ուղևորներին։ «Ամենաընտանեկան» ուղղություններն են ԱՄԷ-ն, Թաիլանդն ու Վիետնամը. յուրաքանչյուր հինգերորդը երեխաների հետ է մեկնելու այդ երկրներ։
--00—ԼՀ