Ինչ նվերներով է Փաշինյանը վերադարձել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստից. «Ժողովուրդ»

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 8, 24News

դդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուսաստանի Դաշնությունում անցկացված Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին Նիկոլ Փաշինյանի այցելությունը, կարծես թե, թանկ է արժեցել։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ դեկտեմբերի 13-ին Մոսկվայում տեղի է ունեցել Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում Նիկոլ Փաշինյանը 3 երկրների վարչապետների կողմից թանկարժեք նվերներ է ստացել, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 1 մլն 358 հազար դրամ։

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձեւաթղթի» համաձայն՝ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին նվիրել է 650 հազար 328 դրամ արժողությամբ սպասք։

Համաձայն նվերների հաշվառման ձևաթղթի՝ թեյի սպասքը կոչվել է «Ձմեռային հեքիաթ»։

«Սպասքը զարդարված է մանրանկարչությամբ՝ բնապատկերներով, հեքիաթային տեսարաններով, տոնական եթերով և զարդանախշերով, որոնք բնորոշ են կայսերական ճենապակյա գործարանի ամենահայտնի նկարիչներից մեկին՝ Ա․Վ․ Վորոբյովսկուն (1906-1992)։

Հեղինակի աշխատանքները ներառված են Պետական «Էրմիտաժի», ռուսական թանգարանի, Կուսկովայի կերամիկայի պետական թանգարանի հավաքածուներում։ Ռուսաստանի Դաշնություն․ «Կայսերական ճենապակու գործարան» ԲԲԸ»:

Սպասքը պատրաստված է եղել ոսկրային ճենապակուց և զարդարված է եղել ձեռանկարչությամբ։ Սպասքը ընդհանուր եղել է 20 կտոր՝ 1 թեյնիկ, 1 շաքարաման, 6 թեյի բաժակ, 6 փոքր ափսե, 6 մեծ ափսե։

Նիկոլ Փաշինյանը հաջորդ նվերը ստացել է Ուզբեկստանի վարչապետ Աբդուլա Արիպովի կողմից, կրկին Մոսկվայում տեղի ունեցած Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի շրջանակում։ ՀՀ վարչապետը նվեր է ստացել «Իչան կալա» նկարը, որը ձեռքի աշխատանք է պատրաստված արույրից (Латунь):

Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձեւաթղթի»՝ նվերը պատված է եղել 999 հարգի ոսկով և էմալով։ Նկարի շրջանակը ամբողջությամբ պատրաստված է ձեռքով և փայտից է։ Ֆոնը պատրաստված է ալկանտարի կաշվով։
Նվերի ընդհանուր արժեքը կազմել է 627 հազար 733 դրամ։

Ղրղզստանի Նախարարների կաբինետի նախագահ Ակըլբեկ Ժապարովի՝ վարչապետի կողմից, կրկին Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի շրջանակում Նիկոլ Փաշինյանը նվեր է ստացել կտավ։

Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած «Հանրային պաշտոն զբաղեցնող անձի կամ հանրային ծառայողների նվերների հաշվառման ձեւաթղթի»՝ ղրղզ վարպետների ստեղծած կտավը պատկերում է Արարատ լեռան ստորոտում գտնվող հնագույն Խոր Վիրապ վանքի պատկերը։ Նկարը պատրաստված է բնական ֆետրից՝ էկոլոգիապես մաքուր նյութից, որը դարեր շարունակ օգտագործվել է ղրղզ ժողովրդի ավանդական արհեստներում։

«Արվեստի գործը միավորում է Հայաստանի մշակութային ժառանգությունը և ղրղզ արհեստավորների միությունը՝ ստեղծելով մշակութային ավանդույթների նկատմամբ փոխադարձ հարգանքի յուրահատուկ խորհրդանիշ», – նշված է նվերների հաշվառման ձեւաթղթում։ Նվերն արժեցել է 80 հազար 185 դրամ։

Ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանի այցելությունը Ռուսաստանի Դաշնության, Ղրղզստանի և Ուզբեկստանի վարչապետների համար թանկ է եղել»:

Ավելին՝ օրաթերթի այսօրվա համարում։

 --00—ՍՊ