ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 3, 24News
Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ռեկտոր է ընտրվել ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, համալսարանի ռեկտորի ժ/պ Մանուկ Բարսեղյանը: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրեց ՃՇՀԱՀ-ի մամուլի քարտուղար Ժասմեն Վիլյանը:
Հոգաբարձուների խորհրդի նիստում Մանուկ Բարսեղյանը խորքային վերլուծության վրա հիմնված ներկայացրել է 2024 թ․-ի ապրիլից մինչև դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում իրականացված համալսարանի զարգացման իր տեսլականը՝ բաղկացած 8 առանցքային ուղղություններից։
Դրանում հիմնականում շեշտադրված էին գիտակրթական ծրագրերի մակարդակի բարձրացման, միջազգայնացման լաբորատոր սարք-սարքավորումների արդիականացման, ֆինանսական կայունության և զարգացման շարունակականության ապահովման, ինչպես նաև առաջընթացին միտված մոտեցումները։
Համալսարանի հոգաբարձուների խորհրդի անդամները Մանուկ Բարսեղյանի կողմից ժ/պ-ի պաշտոնավարման ընթացքում իրականացված աշխատանքները բարձր գնահատելով՝ ընդգծել են, որ հաջողվել է ապահովել համալսարանի ռազմավարական ծրագրի զարգացման շարունակականությունը:
--00--ԱՀ