ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 12, 24News
Արարատի մարզային փրկարարական վարչության պետի գլխավորությամբ ստեղծված աշխատանքային խումբը «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում իրականացրել է ուսումնասիրություններ:
Աշխատանքային խմբում ներգրավված են եղել «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տնօրեն Ռ․ Օղիկյանը, ՀՀ Վայոց ձորի և Արարատի մարզերի վարչության «Խոսրով» տեղամասի համակարգող պատասխանատու-գլխավոր էկոպարեկ Ա. Քոչարյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի աշխատակից Մ․ Մանուկյանը, ինչպես նաև մարզի այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչներ։
«Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի տարածքում ուսումնասիրվել են դեպի «Խաչաձոր» տեղամաս տանող ճանապարհների անցանելիությունը, առանձնացվել են առավել ռիսկային հրդեհավտանգ, ինչպես նաև Վեդի համայնքին և Խոսրովի անտառին սահմանակից բնակավայրերի տարածքները։
Ակնադիտական ուսումնասիրություններից բացի «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ի հաշվեկշռում գտնվող անօդաչու թռչող սարքով իրականացվել է վերոնշյալ տարածքների ուսումնասիրություն և հետախուզություն։
Այնուհետև տեղի է ունեցել աշխատանքային քննարկում, որի ժամանակ կատարվել է քարտեզագրում, ինչպես նաև պլանավորվել է 2025 թվականի ընթացքում կատարվելիք կանխարգելիչ միջոցառումների և գործողությունների ծրագիրը, որտեղ հատուկ ուշադրություն է դարձվել հրդեհային անվտանգության կանոնների պահպանմանը, բնակչության շրջանում մշտապես իրականացվելիք բացատրական աշխատանքներին՝ կրթական և խթանող ծրագրերի ձևաչափերով։
--00—ՅՄ