ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 1, 24News
«Արդեն 12 օր է, ինչ Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում շարունակում է իր հացադուլը։ Նրա առողջական վիճակը վատթարացել է։ Ի համերաշխություն Ռուբենի Մանե Թանդիլյանը, Վարդան Ավագյանն ու Արտավազդ Ալավերդյանը քիչ առաջ նույնպես հացադուլ են հայտարարել Երևանի Ազատության հրապարակում»,-հայտնում է լրագրող Արտյոմ Երկանյանը։
Նա մանրամասնում է.
«Այդ քայլին նրանք դիմել են, որպեսզի համոզեն Ռուբենին դադարեցնել հացադուլը։ Այս ակցիայի մասին Ռուբենը, հավանաբար, կիմանա մարտի 4-ն, քանի որ այդ օրը կայանալու է իր գործով հերթական դատական նիստը ու նրան երևի թույլ կտան հանդիպել իր փաստաբանի հետ։ ( Փաստաբանը տեղեկություն փոխանցելու միակ միջոցն է։
Մինչև մարտի 4-ը պետք է հասցնել որքան հնարավոր է մեծ հնչեղություն տալ այս խնդրին, քանի որ դրանից հետո Ռուբենը արդեն երկարատև տեղեկատվական մեկուսացման մեջ է լինելու։ Ոչ մենք ենք լինելու տեղյակ իր մասին, ոչ ինքը մեր մասին։
Ի՞նչ կարելի է անել այս 3 օրերի ընթացքում։ Միգուցե՞ հեղինակավոր մտավորականները, ում Ռուբենը հարգում է ու ում խոսքը իր համար կշիռ ունի, երկուշաբթի օրը մեկ օրով միանան այս հացադուլին ու խնդրեն Ռուբենին դուրս գալ հացադուլից։ Ուրիշ էլ ի՞նչ կարելի է անել։ Եկեք մտածենք։ Ժամանակը քիչ է»։
--00--ՍՊ