ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Մարտի 3-ին մեկնարկած Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) Կառավարիչների խորհրդի հերթական նստաշրջանի ընթացքում Վիեննայի միջազգային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանն ընտրվել է Կառավարիչների խորհրդի փոխնախագահի պաշտոնում։ Այս մասին հայտնում են Ավստրիայում ՀՀ դեսպանությունից։
Նստաշրջանի ընթացքում դեսպան Անդրանիկ Հովհաննիսյանը վերահաստատել է Հայաստանի հավատարմությունը խաղաղ նպատակներով միջուկային էներգիայի օգտագործման սկզբունքներին, միջազգային կոնվենցիաներով ստանձնած հանձնառություններին, ներկայացրել ՀԱԷԿ անվտանգ շահագործման ապահովման ուղղությամբ շարունակվող աշխատանքները, ԱԷՄԳ և գործընկեր պետությունների հետ համատեղ միջոցառումները, ինչպես նաև Հայաստանի մոտեցումները ԱԷՄԳ միջուկային անվտանգության 2026-2029թթ ծրագրի և Գործակալության մանդատի ներքո գտնվող այլ հարցերի վերաբերյալ։
Կառավարիչների խորհուրդը Ատոմային էներգիայի միջազգային գործակալության քաղաքականության մշակման և կառավարման երկու մարմիններից մեկն է՝ անդամ պետությունների տարեկան գլխավոր համաժողովի հետ միասին։ Հայաստանի Հանրապետությունը 35 երկրներից բաղկացած Կառավարիչների խորհրդի անդամ էր ընտրվել 2023թ․ սեպտեմբերի 28-ին կայացած ԱԷՄԳ Գլխավոր կոնֆերանսի 67-րդ նստաշրջանում։
--00—ՍՊ