Անհանդուրժող և խի՛ստ եղեք ոչ պատշաճ վարքագիծ դրսևորող իրավախախտների նկատմամբ․ ՆԳ նախարար

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
 

AA
 
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը մարտի 3-ի առավոտյան մասնակցել է Պարեկային ծառայության Երևանի գնդի ստուգատես-հրահանգավորմանը։
 
Ներկա էին նաև ՆԳՆ ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալ Արամ Հովհաննիսյանը, Պարեկային ծառայության պետ, ոստիկանության պետի տեղակալ Արթուր Խուդինյանը։
 
Ողջունելով անձնակազմին՝ նախարարն ընդգծել է Պարեկային ծառայության դերն ու նշանակությունը հանրային անվտանգության ապահովման գործում, հորդորել է ծառայողներին լինել առավել պատասխանատու և զգոն, Երևան քաղաքում յուրաքանչյուր խնդրի կողքով անտարբեր չանցնել՝ անկախ բնագավառից, ոլորտից, ահազանգել դրանց մասին և դրանով իսկ ապահովել դրանց հետագա լուծումը, դրսևորել սրտացավություն և հետևողականություն, արագ ու հստակ արձագանքով ապահովել հասարակական կարգի պահպանումն ու քաղաքացիների անվտանգությունը։ Արփինե Սարգսյանը հորդորել է լինել խիստ և անզիջում ցանկացած իրավախախտման նկատմամբ՝ ապահովելով օրենքով նախատեսված ընթացակարգերի կիրարկումը։
 
Անդրադառնալով ծառայողների բարեվարքությանը՝ նախարարը հորդորել է քաղաքացիների հետ շփումներում դրսևորել հարգալից ու պատշաճ վերաբերմունք, պահպանել ծառայողական էթիկան, միաժամանակ պրոֆեսիոնալ վարքագծով անհանդուրժող և խիստ լինել ոչ պատշաճ վարքագիծ դրսևորող իրավախախտների նկատմամբ, պարբերաբար մասնակցել վերապատրաստումներին, որոնք նաև առկա խնդիրները լուծելու միջոց են և նպաստել հասարակության վստահության բարձրացմանը։
 
Պարեկային ծառայության թե՛ Երևանի, թե՛ մարզերի հրահանգավորմանը ՆԳ նախարարի մասնակցությունը լինելու է պարբերական՝ գործընթացը վերահսկելու, արդյունքներն ամփոփելու և անհրաժեշտության դեպքում նոր հանձնարարականներ տալու նպատակով։
 
Հրահանգավորումից հետո պարեկներն անցել են ծառայության։
Նախարարը նաև շրջել է գնդում, դիտարկել Երևան քաղաքի գնդի և ենթակա ստորաբաժանումների, քաղաքացիների ընդունելության, վարչական վարույթների իրականացման և բողոքների քննության բաժինների աշխատանքային պայմանները, զրուցել ծառայողների հետ։

 

--00—ՍՊ