ՀՀ դեսպանը կարևորել է Ֆրանսիայի հայկական կրթական հաստատության դերը հայապահպանության գործում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News 

դդ
 
Մարտի 10-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպում է ունեցել Ռենսիի քաղաքապետ Ժան-Միշել Ժենեստիեի հետ։
 
Հանդիպման ընթացքում դեսպանը կարևորել է Ֆրանսիայի ամենահին հայկական կրթական հաստատության՝ «Դպրոցասեր»-ի կարևոր դերակատարությունը հայոց լեզվի և հայապահպանության գործում։
 
Դեսպանը հիշատակել է, որ «Դպրոցասեր»-ը, հիմնադրված լինելով Կոստանդնուպոլսում դեռևս 1879թ., Ֆրանսիա է տեղափոխվել շուրջ 100 տարի առաջ՝ ֆրանսիական իշխանությունների հոգածությամբ։ Նա ընդգծել է, որ «Դպրոցասեր»-ի՝ Հայոց ցեղասպանությունից փրկված մանկավարժներն ու աշակերտները ֆրանսիական հյուրընկալ հողի վրա հնարավորություն են ստացել պահպանելու իրենց կրթական լավագույն ավանդույթները և առ այսօր ապահովում են ֆրանսիական հանրակրթական չափորոշիչներին համահունչ բարձրորակ կրթություն։ Այս համատեքստում, դեսպանը շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի իշխանությունների կողմից «Դպրոցասերի» գործունեությանը ցուցաբերվող աջակցության համար՝ շեշտելով օժանդակության շարունակականության կարևորությունը։
/
Առանձնազրույցից հետո դեսպան Խաչատրյանը և Ռենսիի քաղաքապետն այցելել են «Դպրոցասեր» կրթահամալիր, որտեղ հանդիպում են ունեցել դպրոցի տնօրեն Հայկ Սարգսյանի, «Դպրոցասեր»-ի Տիկնանց և բարեկամների ասոցիացիայի նախագահ Աղավնի Սարիկայայի, ուսուցչական անձնակազմի և աշակերտների հետ և շրջել դպրոցում։
Դեսպանն այցելել է նաև 1926-1931թթ․ «Դպրոցասեր»-ում ուսանած Ֆրանսիայի դիմադրության շարժման հերոս Մելինե Մանուշյանի անվան հուշատախտակի մոտ, որի բացումը տեղի է ունեցել 2024թ․ Միսաք և Մելինե Մանուշյանների աճյունները Ֆրանսիայի Պանթեոն տեղափոխելու կապակցությամբ։

 

--00—ՍՊ