ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 18, 24News
Մարտի 25-ին Փարիզում՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի կունենա գալա-համերգ՝ նվիրված շանսոնի և երաժշտարվեստի համաշխարհային լեգենդ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի Հանրապետության դեսպան Շառլ Ազնավուրի ծննդյան 100-ամյա հոբելյանին: Համերգը կրում «Une vie d'amour» («Սիրով լի կյանք») խորագիրը:
Համերգը կազմակերպել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի մշտական ներկայացուցչության և Հայաստանի՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ազգային հանձնաժողովի հետ համատեղ։ Միջոցառումն անցկացվում է ՀՀ կառավարության կողմից հաստատված հոբելյանական միջոցառումների շրջանակում։
Շառլ Ազնավուրի հարուստ և յուրօրինակ երաժշտական ժառանգությունը կներկայացնի Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ. մենակատարներ՝ Ինգա Արշակյան, Գոռ Սուջյան, Գուրգեն Բավեյան և Ժյուլ Գրիզոն:
Համերգի ընթացքում կհնչեն Շառլ Ազնավուրի սիրված և ճանաչված երգերը, որոնք անջնջելի հետք են թողել համաշխարհային երաժշտարվեստում:
--00—ՅՄ