ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 6, 24News
Այսօր՝ ապրիլի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի և Արագածոտնի մարզերի սահմանագծում։ Ժամը 10:30-ի սահմաններում «Volkswagen Passat» մակնիշի ավտոմեքենան Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհին, դեպի Աշտարակ ընթանալիս, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին և հայտնվել ձորում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ում առաջինն օգնության է հասել նշված վայրում անասնապահությամբ զբաղվող մի քաղաքացի, հետո նրան միացած այլ քաղաքացիներ, և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Եղվարդի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները ու Եղվարդի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները, տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։
Վարորդը եղել է ամրակապված և դրա արդյունքում է, որ չի հայտնվել ավտոմեքենայից դուրս։ Տեղում պարզվել է որ վթարը Արագածոտնի մարզի վարչական տարածքում է, վթարի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են ավտոմեքենայի սեփականատիրոջ և հիվանդանոց տեղափոխված վարորդի ինքնությունը։
--00—ՅՄ