ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 8, 24News
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի Բելգորոդի մարզում ուկրաինական զորքերի ներկայության մասին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին նա ասել է ապրիլի 7-ի երեկոյան տեսաուղերձում։
«Գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին այսօր առանձին զեկուցեց ճակատի մասին, մեր ներկայության մասին Կուրսկի և Բելգորոդի մարզերում: Մենք շարունակում ենք ակտիվ գործողություններ իրականացնել թշնամու տարածքում՝ սահմանամերձ շրջաններում, և դա լիովին արդար է. պատերազմը պետք է վերադառնա այնտեղ, որտեղից եկել է», - նշել է Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ այդ գործողությունների նպատակն է պաշտպանել ուկրաինական բնակավայրերը հարևան Սումիի և Խարկովի մարզերում, որոնք պարբերաբար ենթարկվում են գնդակոծությունների։
Ըստ «Ուկրաինսկայա պրավդա» պարբերականի՝ Կիևն ամենաբարձր մակարդակով առաջին անգամ է հրապարակայնորեն հաստատում, որ ուկրաինական ստորաբաժանումները Բելգորոդի մարզում են։
ՌԴ պաշտպանության նախարարությունն առաջին անգամ մարտի 18-ին էր հայտնել Բելգորոդի մարզ ներխուժելու՝ Ուկրաինայի զինված ուժերի փորձերի մասին։
Նույն օրը լրագրողների հարցերին պատասխանելիս Զելենսկին չէր հերքել գործողությունների իրականացումը։
Մարտի վերջին BBC-ն հայտնել էր, որ Բելգորոդի մարզ ուկրաինական ուժերի ներխուժումից հետո այնտեղ ռազմական գործողություններն ավելի ինտենսիվ են դառնում, և կողմերն օժանդակ ուժեր են ներգրավում։ Ռուսաստանցի բլոգերները և տեղի իշխանություններն իրավիճակն անվանում էին բարդ։ Ըստ տեղի իշխանությունների՝ մարտեր են ընթանում Կրասնոյարուժսկի շրջանի տարածքում, բոլոր բնակիչները տարհանվել են:
--00--ԱՀ