ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 6, 24News
«Եթե ես ձեզ ասեմ, որ չգիտեմ ինչ-որ տվյալներ, ինձ ուղղակի անլուրջ մարդու տեղ կդնեք»: Այս մասին թերթերի խմբագիրների հետ հանդիպման ժամանակ նշել է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը:
«Ես միշտ պայքարել եմ «սլիվների» դեմ, միշտ պայքարել եմ պետական գաղտնիքի պահպանման համար, և պետական գաղտնիք, անձնական կյանքին վերաբերող տվյալներ հրապարակել ինձնից երբևիցե չսպասեք: Ես չեմ ասում՝ Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ, ես ընդհանրապես եմ ասում՝ այո, ես տիրապետում եմ շատ մեծ ինֆորմացիայի, բայց դա երբեք ես չեմ հրապարակի: Իսկ բոլոր նրանք, ովքեր շատ մտահոգված ասում են, որ Վանեցյանը տիրապետում է պետական գաղտնիքի, նրան պետք է արգելել զբաղվել քաղաքականությամբ, նրան պետք է մեկուսացնել, նա հես ա՝ կհրապարակի, էս կանի, էն կանի, այդ բոլորին խորհուրդ եմ տալիս, եթե պետական գաղտնիքի պահպանման մասին մտածում են, երկու-երեք ամիս առաջ «Ժողովուրդ» թերթում մի հարցազրույց է եղել, ԱԱԾ նախկին աշխատակից տվել է մի հարցազրույց, որն առնվազն երկու-երեք պետական գաղտնիքի հրապարակում է արել: Ինչո՞ւ մինչև հիմա պատասխանատվության չի ենթարկվում այդ մարդը, որը հրապարակել է պետական գաղտնիք»,-հայտարարել է Վանեցյանը:
Այն հարցին, թե նա պարտավոր չէ՞ հրապարակել երկրին սպառնացող վտանգների թվում նաև վարչապետի այս կամ այն հանձնարարությունները, կամ ինչ-որ ոլորտների մեջ ներխուժելը, վտանգավոր հանձնարարականներ տալը, Վանեցյանը պատասխանեց. «Ես իմ քաղաքական գործունեությամբ կփորձեմ այդ վտանգները չեզոքացնել, և մեր հայրենակիցները երբեք ինձ չեն մեղադրի ինչ-որ մի բան իմանալու և թաքցնելու մեջ»: