ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
Տիգրան Մեծի այգում Ք.ա 2-րդ հազարամյակի ժայռապատկերներին վտանգ չի սպառնում, հարցը վարչական շրջանի ղեկավարի անմիջական հսկողության տակ է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը՝ անդրադառնալով քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանի ահազանգին առ այն, որ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Տիգրան Մեծի այգում մ.թ.ա. 2-րդ հազարամյակի ժայռապատկերներ կան, որոնք ոչնչացման վտանգի տակ են:
«Տիգրան Մեծի այգում Ք.ա 2-րդ հազարամյակի ժայռապատկերներին վտանգ չի սպառնում, հարցը վարչական շրջանի ղեկավարի անմիջական հսկողության տակ է:
Իսկ քարերի մոտակայքում գտնվող տարածքի շինարարության պատմությունը բավական բնորոշ է մեր իրողությանը: Տարածքի սեփականատերը անցած 1,3 տարվա ընթացքում մի քանի անգամ դմել է քաղաքապետարան՝ իր սեփական տարածքում շինարարության թույլտվություն ստանալու համար: Քանի որ փաստացի տարածքը մտնում է հանրային այգու մեջ, քաղաքապետը հրաժարվել է շինթույլտվություն տրամադրել: Սակայն տարածքի սեփականատերը դատարանի որոշմամբ կարողացել է ստանալ այդ թույլտվությունը, եւ հիմա սկսել է շինարարությունը»,- գրել է Կարապետյանը և շնորհակալություն հայտնել Հրանտ Մելիք-Շահնազարյանին՝ մտահոգության համար:
Հիշեցնենք, որ քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ որում նշում է, որ Երևանի Նոր Նորք վարչական շրջանում գտնվող Տիգրան Մեծի այգում մ.թ.ա. 2-րդ հազարամյակի ժայռապատկերներ կան, որոնք այս պահին ոչնչացման վտանգի տակ են: Նա կցել է հուշարձանների լուսանկարները և գրել, որ այդտեղ շինարարություն է ընթանում և շենքի կառուցման համար փորված փոսի հողն ու քարերը լցվում են հենց այդ ժայռապատկերների վրա։