ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստ է տեղի ունեցել, որի ժամանակ որոշում է կայացվել՝ դադարեցնելու ցամաքային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ:
«Հենց նոր ավարտվեց կորոնավիրուսի կանխարգելման հանձնաժողովի նիստը, որի արդյունքներով որոշվեց.
1. Երկու շաբաթով դադարեցնել ցամաքային հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ:
2. Օդային հաղորդակցության նկատմամբ կիրառել ոչ ամբողջական սահմանափակումներ:
3. Իրանի Իսլամական Հանրապետության հետ բեռնափոխադրումները իրականացնել՝ առանց սահմանափակումների, կիրառելով վարորդների նկատմամբ հատուկ հսկողության ռեժիմ:
4. Որևէ սահմանափակում չկիրառել Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ հայրենիք վերադառնալու համար:
5. Երկու շաբաթվա ընթացքում բարեկամ Իրանի Իսլամական Հանրապետության կառավարության հետ լինել սերտ հաղորդակցության մեջ, ամբողջացնել տեղեկությունները ԻԻՀ-ում կորոնավիրուսի տարածման ծավալների վերաբերյալ՝ հետագա անելիքները ճշգրտելու համար:
6. Կառավարությունը քիչ անց հեռակա նիստով կկայացնի համապատասխան որոշում, որը ուժի մեջ կմտնի հրապարակման պահից:
Հարկ եմ համարում արձանագրել, որ Հայաստանում կորոնավիրուսով վարակվածության ոչ մի դեպք չունենք և հույս ունեմ՝ չենք ունենա: Հայաստանը ունի բոլոր անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական ռեսուրսները կորոնավիրուսի ճշգրիտ ախտորոշման համար»,-գրել է Նիկոլ Փաշինյանը:
Նշենք, որ ավելի վաղ, անվտանգության նկատառումներից ելնելով, Իրանի հետ սահմանը փակել է նաև Պակիստանը, չնայած այն հանգամանքին, որ երկրում կորոնավիրուսով վարակված քաղաքացիներ չկան։ Իրանի և Պակիստանի սահմանագծին վերջինս 100 հոգանոց անձնակազմ ունեցող հիվանդանոց է բացել։