ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
Մարտի 9-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։35-ի սահմանում Սեբաստիա փողոցի 10/8 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչներ՝ 38-ամյա Հովհաննես Յաղմուրյանի վարած Nissan, 34-ամյա Սեդրակ Սաֆարյանի վարած Mercedes, 25-ամյա Հայկ Կարապետյանի վարած Toyota և 33-ամյա Արսեն Սողոմոնյանի վարած Honda մակնիշի ավտոմեքենաները։ Այդ մասին հայտնում է shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով Ա. Սողոմոնյանը տեղում մահացել է, իսկ նրա ուղևորը՝ Երևանի բնակիչ, 34-ամյա Արթուր Հովհաննիսյանն ու մյուս ավտոմեքենաների վարորդներ Հ. Կարապետյանն ու Ա. Սաֆարյանը տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, այնուհետև՝ օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները։ Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոններն ու սահմանազատել տարածքը։
Ժամը 01։45-ի սահմանում «Աստղիկ» բժշկական կենտրոնից Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ վիրավորներից Ա. Հովհաննիսյանը, գիտակցության չգալով, մահացել է։
Դեպքի փաստով ՀԿԳ ավագ քննիչ Դ. Մարտիրոսյանի որոշմամբ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր. օր-ի 242 հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով։
Ավտոմեքենաները հետաքննիչի հանձնարարականով տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք։