ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Մեզ լուսանկարներ են փոխանցում սուպերմարկետներից, մի քաղաքացի 108 հատ զուգարանի թուղթ էր գնել։ Այս մասին մարտի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսում ասել է ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը։
«Լուսանկարներ ունենք սուպերմարկետներից, որ մեզ փոխանցում են: Անկեղծ եմ ասում, մի քաղաքացի գնել էր 108 հատ զուգարանի թուղթ: Այս առևտրային բումն իջնելու է, և մենք խնդիր չենք ունենալու: Նորից եմ ընդգծում ու վստահեցնում, երկրում որևէ տեսակի ապրանքի պակաս չունենք»,- ասել է ՏՄՊՊՀ նախագահը։
Հայաստան կառավարության մարտի 16-ին արտակարգ դրություն սահմանելու մասին որոշում հրապարակեց, ինչից հետո համացանցում շրջանառվում էր տեղեկատվություն, որ սուպերմարկետներում խառնաշփոթ է, ինչն արձանագրել էր նաև ՏՄՊՊՀ-ն։
Մարտի 17-ին, ժամը 12:00-ի դրությամբ իրականացված կորոնավիրուսային հիվանդության թեստավորման արդյունքում հաստատվել է ևս 12 դեպք, որոնցից 6-ը փոխկապակցված է Էջմիածնի դեպքի հետ, իսկ մյուս 6-ը` արտադրամասի: Վերջններս ի սկզբանե եղել են մեկուսացված:
Հանրագումարով, այս պահին հաստատված է 64 դեպք, որոնցից 1-ը՝ առողջացել է: