Բացահայտվել են գողության դեպքեր․ երեք անձ կալանավորվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 19, 24News 

Մարտի 10-ին, ժամը 22-ի սահմաններում, ոստիկանության Նաիրիի բաժնում օպերատիվ կառավարման կենտրոնից հաղորդում էր  ստացվել, որ Զովունի գյուղի բնակարաններից  մեկում գողություն է կատարվել: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ անհայտ անձինք կոտրել են մուտքի դուռը, բնակարանից գողացել հեռուստացույց ու համակարգչի էկրան: Բայց սա ամենը չէր:

Հանցամիտները նույն շենքի շքամուտքից ու խորդանոցներից հափշտակել էին բջջային հեռախոս, գազի գլանանոթ ու կենցաղային ապրանքներ: Հետաքննություն իրականացնող մարմինը բացահայտման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկեց: Քրեական հետախույզները  օպերատիվ հարցումներ իրականացրին: Համայնքային ոստիկաններին ցուցում տրվեց ակտիվացնել բնակիչների հետ շփումը: Եվ հետևողական աշխատանքի շնորհիվ հաղորդումից մեկ օր անց կասկածյալները հայտնաբերվեցին: Տեղեկություններ ստացվեցին, որ գողությունները հնարավոր է կատարած լինեն Քանաքեռավան գյուղի  29  և 22 տարեկան երկու բնակիչ:

Մարտի 11-ին կասկածյալները բերման ենթարկվեցին ոստիկանության Նաիրիի բաժին: Հետագա միջոցառումներով պարզվեց, որ գողություններին մասնակցել է նաև Քանաքեռավան գյուղի 28-ամյա մի բնակիչ: Մարտի 12-ին նա նույնպես բերման ենթարկվեց  բաժին: Կասծավողները խոստովանել են, որ Զովունիում կատարած գողություններից  բացի, գաղտնի հափշտակություններ են արել նաև Կոտայքի մարզի այլ համայնքներում: 28-ամյա տղամարդու տան խուզարկությամբ գողոնը հայտնաբերվել է: Հանգամանքները պարզվում են:

Բերման ենթարկված տղամարդիկ կալանավորված են: Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: