ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 23, 24News
ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար, ՀՀԿ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանն ու ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ՀՀ ԱԳՆ-ի արձագանքին: Գրառումը՝ ստորև.
«Անուղղելի ստախոսությունը շարունակվում է:
ԱԺ «Իմ քայլը» փակ բաժնետիրական խմբակցության պատգամավորների տարածած անհեթեթությունների պարտիային միացավ նաև ԱԳՆ-ն՝ հայտարարելով, որ «…Հայաստանի համար ընդունելի չեն դեռևս մինչև 2018 թ. ներկայացված և ղարաբաղյան խաղաղ կարգավորման փուլային տարբերակ ենթադրող առաջարկները»:
Լավրովի կողմից հայտարարված՝ 2019 թ.-ին համաձայնեցված փուլային լուծման մասին արտահայտությունը, պարզվում է, այդքան էլ չի մտահոգել ձեզ: Փաստորեն, ձեր գերխնդիրն այն է, որ այս հարցում է՛լ անուղակի մեղավոր համարեք նախկին իշխանություններին: Ու այսքանից հետո, հանուն ընդհանուր շահի, մենք էլ մտածում ենք արցախյան հարցում իշխանություններին օգտակար լինելու մասին:
Երբ արտաքին քաղաքականության կարևորագույն հարց համարվող արցախյան բանակցային գործընթացն էլ եք փորձում ծառայեցնել էժանագին քաղաքական շահերին, այլևս հետևություններն առավել քան տխուր են դառնում:
Իսկ հետաքրքիր է՝ ո՞ւմ համար է նախատեսված ձեր ամենօրյա դարձած սուտը: Մեզ չեք խաբի, քանի որ մենք լավ գիտենք, թե ի՞նչն ենք բանակցել, և ինչը՝ ո՛չ: Լավրովին չեք խաբի, քանի որ նա և ԵԱՀԿ մյուս համանախագահող երկրները լավ գիտեն, թե ձեզ հետ ե՞րբ և ի՞նչ են պայմանավորվել, ու, ամենայն հավանականությամբ, 2019 թ. Լավորվը պատահական չի նշել: Վստահ եմ՝ քաղաքականությունն էլ են լավ հասկանում, արցախյան բանակցություններին էլ են լավ պատկերացնում:
Մնում է, որ դրանով խաբեք Հայաստանի և Արցախի քաղաքացիներին: Դա՞ է ձեր պատկերացրած արտաքին քաղաքականությունը»: