«Լիսկայական» ռեկտորը ստիպում է դիմումներ ուղարկել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 2, 24News 

հասարակական

Դատարանը պարտավորեցրել է Գորիսի պետական համալսարանի (ԳՊՀ) ռեկտոր Արտուշ Ղուկասյանին չմիջամտել, չխոչընդոտել ԳՊՀ արհեստակցական կազմակերպության գործունեությանը, ԳՊՀ ֆակուլտետային գիտխորհուրդներում ընդգրկել արհեստակցական կազմակերպության ներկայացուցիչներին, տրամադրել անհրաժեշտ տեղեկատվական փաստաթղթեր՝ ԳՊՀ աշխատողների աշխատանքի վերաբերյալ: 

Դատարանը նաեւ պարտավորեցրել է տրամադրել՝ սահմանված կարգով անհրաժեշտ պայմաններ ԳՊՀ արհեստակցական կազմակերպության կանոնադրությամբ սահմանված գործունեությունն իրականացնելու համար և ԳՊՀ-ից հօգուտ արհեստակցական կազմակերպության բռնագանձել  համալսարանի արհեստակցական կազմակերպության անդամների համար հաշվարկվելիք կամ հաշվարկված ու ԳՊՀ-ի արհեստակցական կազմակերպությանը չփոխանցված անդամավճարների գումարները և հօգուտ պետբյուջեի՝ բռնագանձել հաշվարկված ու հաշվարկվելիք գումարների երկու 2%-ի չափով գումար՝ որպես չվճարված պետական տուրք:

Aravot.am-ին Գորիսի պետական համալսարանի աշխատակիցները տեղեկացրին, որ ռեկտորի կողմից իրենց ստիպողական նամակ է ուղարկվել, որտեղ մասնավորապես նշված է. «Ձեզ եմ ուղարկում ԳՊՀ արհեստակցական կազմակերպությանը փոխանցվող հաշվարկվելիք անդամավճարի վերաբերյալ դիմումի ձև, որը պետք է ուղարկել  յուրաքանչյուր աշխատակցի` սուղ ժամկետում (մինչև մայիսի 04-ը) լրացնելու և հետ ուղարկելու պայմանով: Արդեն իսկ լրացված դիմումների հիման վրա  կվճարվի  աշխատավարձ»:

Ընդ որում, նշյալ դիմումի ձեւում նշված է, որ աշխատակիցը համաձայն չէ, որ 2018թ. հունվարի 1-ից մինչև օրս ԳՊՀ արհեստակցական կազմակերպությանը փոխանցվի իր համար հաշվարկվելիք անդամավճարը, եւ դադարեցնում է իր անդամակցությունը ԳՊՀ արհեստակցական կազմակերպությանը: