ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 9, 24News
Արցախի պարետատունը ներկայացնում է Արցախի Հանրապետության քաղաքացիություն չունեցող անձանց համար մուտքի թույլտվության վերաբերյալ համապատասխան որոշումից բխող իրազեկում:
1. Արցախի Հանրապետություն մուտք կարող են գործել Հայաստանի Հանրապետության մեր այն հայրենակիցները, ինչպես նաև արտերկրի այն քաղաքացիները, ովքեր բեռնափոխադրում իրականացնող տրանսպորտային միջոցի վարորդ են կամ ուղեկցող: Նրանցից ՊՇՌ թեստ և պարետի թույլտվություն չի պահանջվում, իսկ մուտքը թույլատրվում է հատուկ ընթացակարգի պահպանմամբ:
2. Գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող անձինք Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու համար, մուտք գործելու նախատեսվող օրվանից առնվազն երկու օր առաջ, գրավոր կամ բանավոր եղանակով դիմում են համապատասխան շրջանի վարչակազմին:
Վարչակազմից ուղարկված տեղեկությունները հիմք են հանդիսանում ԱՀ ոստիկանության համար նշված անձանց մուտքը Արցախի Հանրապետություն թույլատրելու համար:
Գյուղատնտեսությամբ զբաղվող քաղաքացիներից ՊՇՌ թեստ նույնպես չի պահանջվում:
3. Տնտեսական կամ արտադրական անհետաձգելի կարիքների առկայության դեպքում՝ տնտեսվարող սուբյեկտները հանրապետություն մուտք գործեու համար շահագրգիռ կազմակերպությունը, Արցախի Հանրապետության տարածք մուտք գործելու նախատեսվող օրվանից առնվազն երեք օր առաջ, պետք է դիմում ներկայացնի իրավասու պետական մարմնին՝ մուտք գործելու թույլտվություն ստանալու խնդրանքով։ Թույլտվությունը ստանալուց հետո միայն կարող են մուտք գործել՝ պարտադիր ունենալով երեք օրից ոչ ավելի ՊՇՌ թեստի բացասական պատասխանը:
4. Մուտքը Արցախ թույլատրվում է, եթե գոյություն ունեն առողջապահական անհետաձգելի կարիքներ: Այդ դեպքում պոլիմերազային շղթայական ռեակցիայի թեստի բացասական պատասխանը նույնպես պարտադիր է, և այն պետք է ներկայացնել անցակետերում հերթապահություն իրականացնող բուժանձնակազմին:
5. Մուտքի իրավունք է տրվում նաև այն քաղաքացիներին, ովքեր ժամանում են հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով և հանդիսանում են հանգուցյալի մերձավոր ազգականները՝ ծնողները, ամուսինը, կինը, երեխաները, հարազատ քույրը և եղբայրը:
Հոգեհանգստի կամ թաղման արարողությանը մասնակցելու նպատակով թույլատրվում է հանգուցյալի մեկ կամ մի քանի մերձավոր ազգականների և վերջին(ներ)իս ուղեկցող մեկ վարորդի մուտքն Արցախի Հանրապետություն՝ ԱՀ ոստիկանության կողմից կատարված ճշտումների արդյունքում հանգուցյալի հետ մերձավոր ազգական լինելու հանգամանքը պարզվելուց հետո:
Տվյալ քաղաքացիներից պոլիմերազային շղթայական ռեակցիայի թեստի պատասխան չի պահանջվում:
6. ԱՀ մուտը թույլատրվում է նաև պաշտոնական այցերի դեպքում, ԱՀ պաշտպանության բանակի կարիքներից ելնելով՝ զինված ուժերի անձնակազմի համար, ինչպես նաև Պարետի ցուցումով՝ բացառիկ այլ դեպքերում:
Կարևոր է
Արցախի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող քաղաքացիների համար Արցախի Հանրապետության սահմանային անցակետում ՊՇՌ թեստավորում (նմուշառում) առայժմ չի իրականացվում՝ հաշվի առնելով տեղի լաբորատորիայի սահմանափակ հնարավորությունները:
Արցախի Հանրապետություն մուտք գործող բոլոր անձինք պարտավոր են ենթարկվել սահմանային հսկիչ անցագրային կետերում ծառայություն իրականացնող անձնակազմերի հրահանգներին՝ կորոնավիրուսային պայքարի արդյունավետությունն ապահովելու նպատակով: Անցակետերում բժշկական անձնակազմը կատարում է առողջական վիճակի նախնական զննություն, արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողմից ախտահանվում են տրանսպորտային միջոցները, ոստիկանության անձնակազմն իրականացնում է համապատասխան ստուգումներ:
Հավելյալ խնդիրներից խուսափելու նպատակով Արցախ կատարելիք Ձեր այցը պլանավորեք սահմանված ընթացակարգերի պահպանմամբ:
Խնդիրների, առաջարկությունների կամ թերություններ նկատելու դեպքում զանգահարեք պարետատան թեժ գիծ՝ 097 53 30 18 հեռախոսահամարով, առողջապահական հարցերի դեպքում՝ 30 03 կարճ համարին:
Պարտադիր պահպանեք սոցիալական հեռավորություն, իսկ բաց տարածքում եթե դա հնարավոր չէ՝ կրեք դիմակ և ախտահնեք ձեռքերը:
ԱՀ պարետատան որոշումն ամբողջությամբ՝ այստեղ: --0—ՄՀ