ԵՐԵՎԱՆ, ՀՈւԼԻՍԻ 15, 24News
«Ադրբեջանի զինված ուժերի կողմից Տավուշի ուղղությամբ հրադադարի ռեժիմի խախտումը դեպի խաղաղություն տանող ճանապարհ չէ. վստահություն չէ ԵԱՀԿ-ի հանդեպ»: Այդ մասին հայտարարություն է տարածել իտալացի սենատոր Ալդո Դի Բիաջոն:
Պաշտոնյան ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, ըստ որի՝ այս փուլում անհրաժեշտ է զերծ մնալ սադրիչ գործողություններից՝ հրադադարի ռեժիմի տևական պահպանման ուղղությամբ աշխատելու համար:
«Ռազմական էսկալացիան համակեցության և մտադրությունների համընկնման ցանկացած ձևի թշնամին է, առավել ևս` այնպիսի պահի, երբ մի կողմից հեռատեսական քաղաքական լուծումներ են, ինչպես վերջերս Հյուսիսային Մակեդոնիայի անվան ճանաչումը, իսկ մյուս կողմից՝ համաճարակով պայմանավորված արտակարգ իրավիճակը, որը պետք է որ բոլորին վերադարձներ խելամտության դաշտ:
Հասկանալի է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում պետք են դիվանագիտական լուծումներ, այլ ոչ թե փախուստ առաջ: Այդ իսկ պատճառով բոլոր եվրոպական և ոչ եվրոպական հաստատությունները բարոյական պարտավորություն ունեն խուսափելու բախումներից և հակադրություններից՝ առանց մոռանալու այդ փոքրիկ հողակտորի ռազմավարական նշանակությունը, որը նավթատարների և ներգրավված տարբեր խաղացողների հավասարակշռությունների և ռազամավարությունների տարանցման վայր է»,-հայտարարել է Ալդո դի Բաջոն:
--00—ԼՄ