ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել գերմանական «Spiegel» շաբաթաթերթին, որի շրջանակում անդրադարձել է ՌԴ-ի՝ անվտանգության ոլորտում դաշնակիցային պարտավորություններին:
Հարցազրույցից մի հատված ներկայացնում ենք ստորև.
Spiegel – Դիմե՞լ եք Ռուսաստանին ռազմական օգնության համար:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Հայաստանը և Ռուսաստանը անվտանգության ոլորտում դաշնակիցներ են և ունեն որոշակի պայմանագրային փոխհարաբերություններ: Եվ ես համոզված եմ, որ համապատասխան իրավիճակներ ձևավորվելու դեպքում Ռուսաստանն իր պայմանագրային պարտավորությունները Հայաստանի նկատմամբ կկատարի:
Spiegel – Ի՞նչ է դա նշանակում՝ երբ Հայաստանի տարածքի վրա հարձակո՞ւմ կլինի:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Դա գնահատման որոշակի խնդիր ունի՝ սպառնալիքի չափը, ծավալները և պոտենցիալը: Մենք ունենք պայմանագրային մեխանիզմներ: Գիտեք, որ 102-րդ ռուսական ռազմաբազան գտնվում է Հայաստանում: Ռուս սահմանապահները պահում են Թուրքիայի և Իրանի հետ սահմանը:
Spiegel – Ըստ Կրեմլի մամուլի ծառայության՝ Վլադիմիր Պուտինն անգամ չի զանգահարել Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներին:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես չեմ կարող, իհարկե, դա մեկնաբանել, բայց այնպես չէ, որ ուղղակի ինքնանպատակ զանգեր են տեղի ունենում: Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը պաշտոնապես արձանագրեց, որ ընդդեմ Ղարաբաղի և ընդդեմ Հայաստանի կռվում են միջազգային ահաբեկչական խմբավորումների ներկայացուցիչներ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Եվ Ռուսաստանն ամենևին էլ առաջին երկիրը չէ, ով խոսում կամ առնվազն ակնարկում է դրա մասին: Դրա մասին խոսել են Ֆրանսիան, խոսել է Իրանը: Որոշակի առումով սա քաղաքակրթական պատերազմ է, և Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղն այս պատերազմում փաստորեն գտնվում են քաղաքակրթական առաջնագծում: Մենք պայքարում ենք Թուրքիայի էքսպանսիոնիստական քաղաքականության և միջազգային ահաբեկչության դեմ:
Spiegel - Դուք փոխզիջման հնարավորություն տեսնո՞ւմ եք, օրինակ, անվտանգության գոտու տարածքների մի մասի վերադարձ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Վերադարձնողը ես չեմ, վերադարձնողը Լեռնային Ղարաբաղի կառավարությունն է: Իսկ այդ պարագայում ո՞վ կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի ժողովրդի անվտանգությունը:
Հարցազրույցին առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ:
--00—ԼՄ