ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Ադրբեջանի սանձազերծած պատերազմից մեկ շաբաթ անց Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչելու անհրաժեշտության վերաբերյալ հայտարարությամբ հանդես եկավ, որին հետևեց արձագանք` տարբեր երկրներից` Արցախի անկախության ճանաչման, Արցախին սատարող բանաձևերի ընդունման, ադրբեջանական ագրեսիայի ու Թուրքիայի մասնակցության դատապարտման տեսքով:
24News-ն առանձնացրել է ռազմական գործողությունների սկսվելու պահից ի վեր Արցախի Հանրապետության ճանաչման ու ճանաչումը սատարելու մասին բանաձևերը:
Իտալիայի Պալերմո քաղաքի Քաղաքային խորհուրդը միաձայն ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը:
Կատալոնական Ամպոստա քաղաքը քաղաքային խորհրդի լիագումար նիստի ընթացքում ընդունեց բանաձև, որը դատապարտում է Թուրքիայի և Իսրայելի աջակցությամբ Ադրբեջանի հարձակումն Արցախի վրա, ճանաչում է Արցախի Հանրապետության անկախությունը և վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ համագործակցելու Արցախի Հանրապետության հետ բոլոր ոլորտներում:
Իտալիայի Չերկիարա դի Կալաբրիա քաղաքի քաղաքային խորհուրդը Ացախի ճանաչումը սատարող բանաձև է ընդունել։ Բանաձևում քաղաքային իշխանությունները դիմում են Իտալիայի ազգային իշխանություններին՝ ճանաչել Արցախի Հանրապետությունը:
Իտալական Ազոլո քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն բանաձև է ընդունել՝ ի սատարումն Արցախի Հանրապետության անկախության ճանաչման։ Բանաձևում քաղաքային խորհուրդը դիմել է Իտալիայի իշխանություններին՝ ճանաչելու Արցախը, ի նշան հայ ժողովրդի հետ համերաշխության ՝ նպատակ ունենալով վերջ դնել ռազմական գործողություններին:
Ամերիկայի Միացյալ Նահանգների Գլենդել քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունը։ Գլենդել քաղաքի քաղաքային խորհուրդն Արցախի անկախության ճանաչման բանաձևն ընդունել է միաձայն և Արցախի անկախությունը ճանաչելու կոչ է արել ԱՄՆ նախագահին և ԱՄՆ Կոնգրեսին։
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ֆորտ Լի քաղաքը դատապարտել է Արցախի դեմ Ադրբեջանի ագրեսիան, ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ու Արցախի Հանրապետության անկախությունը:
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Ֆաուլեր քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն դատապարտել է Արցախի դեմ ադրբեջանական ագրեսիան, ճանաչել է Արցախի ինքնորոշման իրավունքն ու անկախությունը: Քաղաքային խորհուրդը կոչ է արել ԱՄՆ նախագահին և Կոնգրեսին միանալ իրենց ՝ Արցախի ազատությանը սատարելու գործին:
Ֆրանսիական Լիմոնե քաղաքի համայնքային խորհուրդը միաձայն քվեարկել է Արցախի անկախության ճանաչման օգտին։
Իտալիայի Միլան քաղաքի քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը և դատապարտել Թուրքիայի ու Ադրբեջանի ագրեսիան:
Ֆրանսիայի Ալֆորվիլ քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն կերպով ընդունել է հռչակագիր` կոչ անելով Ֆրանսիայի իշխանություններին ճանաչել Արցախի անկախությունը
Շվեյցարիայի Ժնև քաղաքի քաղաքային խորհուրդն ընդունել է «Լեռնային Ղարաբաղի հայերն ունեն ապրելու և ինքնորոշման իրավունք» բանաձևը։
Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչում
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (Արցախի Հանրապետության) արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից է հանրապետության անկախության միջազգային ճանաչումը։ Պետականաշինության գործընթացում արձանագրված հաջողությունները թույլ են տվել հասնել որոշակի դրական տեղաշարժի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործում:
Ամերիկյան ութ, ավստրալիական մեկ նահանգի և Բասկերի երկրի խորհրդարանի կողմից ընդունվել են համապատասխան բանաձևեր՝ ի պաշտպանություն Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի.
- 17 մայիսի, 2012 թ.՝ ամերիկյան Ռոդ-Այլենդ նահանգի Ներկայացուցիչների պալատի բանաձև,
- 6 օգոստոսի, 2012 թ.՝ ամերիկյան Մասաչուսեթս նահանգի Ներկայացուցիչների պալատի բանաձև,
- 25 հոկտեմբերի, 2012 թ.՝ ավստրալիական Նոր Հարավային Ուելս նահանգի Օրենսդրական խորհրդի բանաձև,
- 10 ապրիլի, 2013 թ.՝ ամերիկյան Մեն նահանգի Ներկայացուցիչների պալատի բանաձև,
- 30 մայիսի, 2013 թ.՝ ամերիկյան Լուիզիանա նահանգի Սենատի բանաձև,
- 8 մայիսի և 27 օգոստոսի, 2014 թ.՝ ամերիկյան Կալիֆորնիա նահանգի Ասամբլեայի և Սենատի համատեղ բանաձև,
- 12 սեպտեմբերի, 2014 թ.՝ Բասկերի Երկրի խորհրդարանի բանաձև։
- 3 մարտի, 2016 թ.` ամերիկյան Ջորջիա նահանգի Ներկայացուցիչների պալատի բանաձև,
- 29 մարտի, 2016 թ.` ամերիկյան Հավայի նահանգի Ներկայացուցիչների պալատի բանաձև,
- 28 սեպտեմբերի 2017 թ․՝ ամերիկյան Միչիգան նահանգի Սենատի բանաձև։
2019 թ. ապրիլի 24-ին ԱՄՆ Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատն ընդունել է բանաձև, որում իր սատարումն է հայտնում Արցախի Հանրապետությանը՝ ընդգծելով Թուրքիայի և Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության շրջափակման անթույլատրելիությունը։
Նմանատիպ բանաձևեր ընդունվել են նաև հետևյալ քաղաքների կողմից.
- 23 ապրիլի, 2013 թ.՝ Ֆրեզնո (ԱՄՆ, Կալիֆորնիա),
- 10 սեպտեմբերի, 2013 թ.՝ Լոս-Անջելոս (ԱՄՆ, Կալիֆորնիա),
- 5 նոյեմբերի, 2013 թ.՝ Հայլենդ (ԱՄՆ, Կալիֆորնիա),
- 20 ապրիլի, 2016 թ.` Հոնոլուլու (ԱՄՆ, Հավայի)։
1999 թ. մարտի 11-ին, Եվրախորհրդարանը ընդունել էր բանաձև, որում նշված էր, որ Արցախի Հանրապետություն հռչակել է իր անկախությունը միութենական հանրապետությունների համանման հայտարարությունների ընդունումից անմիջապես հետո:
2014 թ. նոյեմբերի 3-ին Նավարայի (ինքնավար մարզ/նահանգ Իսպանիայում) խորհրդարանի խոսնակների Խորհուրդը ընդունեց հայտարարություն, որում նշված է, որ Արցախի իշխանությունները պետք է կողմ հանդիսանան ցանկացած բանակցային ձևաչափում, որը կարող է որոշիչ դեր խաղալ երկրի ապագայի հարցում։
--00--ԱԹ