ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 9, 24News
Կիևում անց են կացվել մի շարք միջոցառումներ Հայաստանին օժանդակելու համար: Այս մասին հայտնում է AnalitikaUA.net-ը:
Լրատվամիջոցը հայտնում է, որ նոյեմբերի 8-ին Կիևի Սրբոց Նավատակաց մատուռում խաղաղության աղոթք է կարդացել Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս Հովհաննիսյանը: Պատարագից հետո հայ երիտասարդները կազմակերպել են բարեգործական տոնավաճառ, որտեղ բոլոր ցանկացողները կարող էին գնել ազգային խորհրդանիշներով ապրանքներ, հայ դիզայներների կողմից նկարազարդած հագուստ, հայկական քաղցրավենիք և այլն:
Կազմակերպիչների խոսքով՝ վաճառքից ստացված ողջ հասույթը ուղղվում է բարեգործական հիմնադրամ ՝ պատերազմից տուժածներին օգնելու համար:
Ուկրաինայում ՀՀ Դեսպան Տիգրան Սեյրանյանը ուկրաինական հեռուստաընկերություններին տված իր հարցազրույցում նշել է, որ պատմությունը հիշում է շատ զավթիչների, շատ ավելի հայտնի, քան Ալիևը, որոնք բարձրաձայն հայտարարեցին իրենց հաջողությունների մասին, բայց բոլորը գիտեն, թե ինչպես ավարտվեցին դրանք: «Կարող ենք վստահորեն փաստել, որ Ադրբեջանի զինված ուժերը, Մերձավոր Արևելքից ժամանած վարձկան ահաբեկիչները թուրք զինվորականների հետ միասին, չեն վերահսկում Շուշին՝ Արցախի Պաշտպանության բանակի, պահեստազորայինների և աշխարհազորայինների մարտարվեստի և քաջության շնորհիվ»:
--00—ՄՀ