ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Գորիս ղեկավարի առևանգման դեպքի փաստով Առուշանյանի փաստաբանները հաղորդում են ներկայացրել ոստիկանություն։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Գորիսի փոխքաղաքապետ Իրինա Յոլյանը:
«Այս պահին չի բացառվում, որ վտանգ է սպառնում նաև Առուշ Առուշանյանի կյանքին։
Հիշեցնեմ, որ վաղ առավոտից համայնքի ղեկավարին առևանգել են և մինչ այս պահը չի հաջողվում որևէ տեղեկատվություն ստանալ։ Այս մասին տեղեկացվել է նաև մարդու իրավունքների պաշտպանը։
Նաև նշեմ, որ դեռևս Սիսիանից Գորիս մտնող ճանապարհը փակ է, Գորիսում են նաև մարզի համայնքերի ղեկավարներ, բազմաթիվ քաղաքացիներ»,- գրել է Յոլյանը:
Հիշեցնենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ դեկտեմբերի 21-ին այցելելու է Սյունիքի մարզ՝ տեղում ծանոթանալու սահմանազատման պատճառով սահմանամերձ դարձած բնակավայրերի բնակիչների խնդիրներին: Այս հայտարարությունից հետո Գորիսի քաղաքապետը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով սյունեցիներին առավոտյան ժամը 06։00-ին Տաթևացու անվան հրապարակից ավտոմեքենաների շարասյունով մեկնել Սյունիքի դարպասներ՝ արգելելու Նիկոլ Փաշինյանի մուտքը Սյունիքի մարզ։ Քաղաքացիների ակցիայից ժամեր առաջ, ըստ մամուլում շրջանառվող տեղկության, ձերբակալվել է Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանը։
Նշենք նաև, որ Նիկոլ Փաշինյանը Սիսիան այցից հետո ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ հայտնելով, որ ընդհատում է այցը և վերադառնում Երևան:
--00—ԼՄ