ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News
Ռուս խաղաղապահների զորախմբի հատուկ նշանակության բժշկական ջոկատը շարունակում է օգնություն ցուցաբերել Լեռնային Ղարաբաղի՝ Ստեփանակերտի և այլ բնակավայրերի բնակչությանը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
Ըստ գերատեսչության՝ ստեղծվել են բազմաֆունկցիոնալ բժշկական բրիգադներ հեռավոր բնակավայրերում բժշկական օգնություն ցույց տալու համար: 1 օրում ռուս զինվորական բժիշկները բուժօգնություն են ցուցաբերել Կաղարծի բնակավայրի 21 բնակչի։
Գերատեսչությունը նաև հայտնում է, որ ՌԴ ՊՆ-ի դաշտային հոսպիտալում որակավորված բժշկական օգնություն է ստացել Լեռնային Ղարաբաղի ավելի քան 900 բնակիչ, այդ թվում՝ ավելի քան 120 երեխա: Թերապևտների, վիրաբույժների և այլ մասնագետների զննումից հետո քաղաքացիները ստացել են խորհրդատվություն և անհրաժեշտ նշանակումներ։ Տեղի բնակիչների գանգատները մասնավորապես կապված են քրոնիկ հիվանդությունների, ինչպես նաև սիրտ-անոթային և էնդոկրին համակարգի հիվանդությունների սրման, ատամնաբուժական խնդիրների հետ, ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի միջև կնքվել է եռակողմ պայմանագիր, որի շրջանակում Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահներ տեղակայելու շուրջ պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ըստ համաձայնության՝ Ադրբեջանին են անցնում Արցախի 7 շրջանները, Շուշին, իսկ Հադրութի շրջանը՝ մասնակի:
--00—ԼՄ