ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 9, 24News
Երևանի ավագանու անդամ Մարկոս Հարությունյանն այսօր ավագանու նիստում քաղաքապետ Հայկ Մարությանին հարց ուղղեց` իրականությանը համապատասխանո՞ւմ են լուրերը, որ նա հրաժարական է տալու: Ավագանու անդամը նաև նկատեց` խոսակցություններ են շրջանառվում, որ Մարությանը պետք է նշանակվի Չեխիայում ՀՀ դեսպան:
«Եթե որոշեք հրաժարական տալ, կխնդրեմ գտնել մեխանիզմներ, որ այս ավագանին ցրվի»,- ասաց նա` նշելով, որ այս ավագանու կազմում չկա մեկը, ով կարող է այս քաղաքը ղեկավարել:
Հարցը տալուց անմիջապես հետո Հարությունյանը լքեց դահլիճը:
Մարությանն, ամեն դեպքում, պատասխանեց հնչած հարցերին:
«Ես հրաժարական չեմ տալու: Մինչև Չեխիայի դեսպանը ԱՄՆ դեսպան էի, հիմա պատրաստվում եմ Ճապոնիայի դեսպան դառնալ»,- կատակեց նա:
Նորից անդրադառնալով իր հրաժարականի մասին լուրերին` Մարությանը նշեց.
«Ես ժողովրդին տրված խոստումներ ունեմ՝ դրանք կատարելով գնում եմ, քանի կատարված չեն, մնում եմ»:
Երևանի ավագանու «Լույս» խմբակցության անդամ Անի Խաչատրյանը նկատեց.
«Պարոն քաղաքապետ, բա որ մինչև ժամկետի ավարտը խոստումները չկատարեք, պիտի էլի մնա՞ք»:
--00--ԱԹ