ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 3, 24News
Ադրբեջանը հարյուրից ավել ՀՀ քաղաքացու է պահում, և այս հարցի լուծման ձգձգումը հետաձգում է երկխոսության մեկնարկը Երևանի և Բաքվի միջև։ Այս մասին РИА Новости-ին տված հարցազրույցում ասել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը:
Սինանյանը նշել է, որ փետրվարի 24-ից մարտի 2-ը Ռուսաստան կատարած այցի ընթացքում նա այդ հարցը քննարկել է Ռուսաստանի Դաշնության փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոյի հետ շփումներում:
«Մեզ համար ամենակարևոր թեման հայ ռազմագերիների և պահվող անձանց վերադարձն է Ադրբեջանից: Եվ այս հարցը ես քննարկել եմ նաև Ռուսաստանի ԱԳՆ-ում կայացած հանդիպմանը... Գիտեմ, որ նրանց թիվը հարյուրից ավել է, սակայն ես հստակ թիվ չունեմ: Եվ այս հարցով մենք ևս երկխոսություն ենք վարում, քանի որ ուզում ենք պարզել` քանի մարդ է հայտնվել ադրբեջանական գերության մեջ, նրանք (Բաքուն) դա ավելի լավ գիտեն: Ռազմական գործողությունների պատճառով պարզ է, որ մենք ունենք այն մարդկանց ցուցակը, ովքեր, մենք գիտենք՝գտնվում են Ադրբեջանում, և կա նաև անհայտ կորածների ցուցակը: Եվ այս պատճառով թվերն անընդհատ փոխվում են»,- հավելել է նա:
Նրա խոսքով` Երևանը հույս ունի, որ Մոսկվան կշարունակի նպաստել այս խնդրի կարգավորմանը:
«Հուսով ենք, որ կկարողանանք հաջողությունների հասնել Ռուսաստանի Դաշնության հետ աշխատանքում: Ռուսական կողմը հավաստիացրել է, որ դա կնպաստի այս խնդրի կարգավորմանը, և մենք հավատում ենք նրանց: Այս հարցի ձգձգումը հետաձգում է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության գործարկումը»,- ասել է Սինանյանը:
--00—ՄՀ