ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 12, 24News
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը այսօր լրագրողների հետ զրույցում խոսել է գնաճի մասին՝ նշելով, թե կարիք չկա խուճապահար լինել վերջին ամսվա գնաճից, քանի որ այն պայմանավորված է միջազգային շուկայում բազմաթիվ գործոններով:
«Պետք չէ խուճապահար լինել ինչ-որ մեկ ամսվա կտրուկ գնաճից, եթե նայենք, թե ինչ տրենդներ են տեղի ունենում աշխարհում, ապա, իհարկե, շատ վատ է, որ գները աճում են, բայց նաև պետք է հասկանալ, թե որոնք են է դրա ֆունդամենտալ հիմքերը»,– ասել է էկոնոմիկայի նախարարը։
Քերոբյանը նաև տեղեկացրել է, որ ծովային բեռնափոխադրումների գները, ամբողջ աշխարհում սննդամթերքի գները կտրուկ բարձրացել են, դրա համար դրա ազդեցությունը հայաստանյան շուկայի վրա էական է։
«Կենտրոնական բանկը և Կառավարությունը աշխատում են այն ուղղությամբ, որ հնարավորինս չհանդուրժեն կամ զսպեն գնաճը և այդ առումով Կենտրոնական բանկը գործիքակազմ ունի, որը կիրառում է»,– ասել է նախարարը և կարծիք հայտնել, որ հաջորդ ամիսներին դրական դինամիկա կտեսնենք, և գնաճը կվերադառնա թիրախային միջակայք։
--00—ԼՄ