ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 28, 24News
ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է.
«Այսօր Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ընթացող ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստի շրջանակներում հանդիպել եմ Ղազախստանի Նախագահի օգնական-Անվտանգության խորհրդի քարտուղար Ասետ Իսեկեշևի հետ:
Հանդիպման ընթացքում համոզմունք հայտնեցինք, որ հայ-ղազախական հարաբերություններն ունեն զարգացման լավ հեռանկար, հաշվի առնելով երկու ժողովուրդների միջև ջերմ կապերը, որոնք ունեն տասնամյակների պատմություն:
Ընդգծեցի, որ և՛ Հայաստանը և՛ Ղազախստանը անդամակցում են ՀԱՊԿ-ին և Եվրասիական տնտեսական միությանը և այս հանգամանքը չափազանց կարևոր է երկկողմ համագործակցության հնարավորությունների առումով: Ասետ Իսեկեշևը հավելեց, որ Ղազախստանի ավելի քան 11 քաղաքներում գոյություն ունեն հայկական կրթամշակութային կենտրոններ և հայ համայնքը Ղազախստանում ունի ակտիվ դերակատարություն երկրի կյանքում:
Հանդիպման ընթացքում կարևորեցի, որ Հայաստանը հատուկ ուշադրություն է դարձնում օդատիեզերական արդյունաբերության և ռազմաարդյունաբերության ոլորտների զարգացմանը, ընդգծելով, որ Հայաստանը բարձր է գնահատում այն փորձը, որը Ղազախստանը կուտակել է այս ոլորտներում, համոզմունք հայտնելով, որ վերոնշյալ ոլորտներում համագործակցությունը Հայաստանի համար մեծ հետաքրքրություն է ներկայացնում:
Հանդիպման ավարտին պայմանավորվեցինք փոխադարձ այցելությունների մասին»:
--00--ԱԹ