ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 5, 24News
Ես թիրախավորվել եմ, որովհետև դա Նիկոլի հերթական մառազմն է, Aysor.am-ին ասաց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանը։
«Ես թիրախավորվել եմ, որովհետև, միգուցե, Նիկոլն ունի ինչ-որ պարտավորություններ երրորդ անձանց հանդեպ ինձ թիրախավորելու, ես թիրախավորվել եմ, որովհետև Նիկոլն իր կարճ խելքով փորձել է ինչ-որ մեսիջ տալ իմ ընկերներին ու իմ թիմին, որը չի հաջողվել», - նշեց Սաղաթելյանը։
Նա պնդեց՝ իր վերաբերյալ քրեական գործը իրավական հիմք չունի, զուտ քաղաքական հետապնդում է։
Սաղաթելյանը կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի անձնական ճնշումների հետևանքով է, որ դատախազությունը որոշել է բողոքարկել կալանքը վերացնելու մասին վերաքննիչ քրեական դատարանի որոշումը։
«Արդեն 3-րդ ամիսն է՝ իմ երեխայի հեռախոսը, իմ կնոջ համակարգիչը, իմ անձնական տեխկնիկան, իմ աշխատակիցների տեխնիկան գտնվում են ԱԱԾ-ում ու այդտեղ պահելու նպատակը անձնական վատություն անելն է», - նշեց Սաղաթելյանը։
Հիշեցնենք՝ մարտի 5-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Արշակ Վարդանյանի, բեկանել է ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի կալանավորման մասին առաջին ատյանի դատարանի որոշումը՝ ազատ արձակելով Սաղաթելյանին։
--00--ԱՀ