ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 19, 24News
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից տեղեկացնում են, որ ակտիվ փուլում է Գառնի-Լանջազատ ավտոճանապարհի վերակառուցումը: Ներդրվել է մոտ 2 միլիարդ դրամ:
«ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող` «Տեղական տնտեսության և ենթակառուցվածքների զարգացման» ծրագրի շրջանակում շարունակվում են Գառնի-Լանջազատ ճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Չնայած կարևոր նշանակությանը` խորհրդային տարիներից ի վեր այս ճանապարհը երբեք չէր վերանորոգվել։
Գառնի-Լանջազատ՝ 18 կիլոմետր երկարությամբ այս ավտոճանապարհը Արարատի և Կոտայքի մարզերն իրար կապող կարևոր ենթակառուցվածք է։
Վերակառուցումից հետո ճանապարհը թույլ կտա շրջանցել հյուսիս-հարավ ավտոճանապարհը՝ թեթևացնելով վերջինիս ծանրաբեռնվածությունը և պակասեցնելով մեքենաների հոսքը` դեպի մայրաքաղաք։ Գառնի-Լանջազատի վերակառուցումը խիստ կարևոր է` զբոսաշրջության զարգացման տեսանկյունից։ Առավել հարմարավետ կդառնա զբոսաշրջային մեծ պահանջարկ ունեցող այցելավայրեր մեկնելը, մասնավորապես՝ Դվին հնավայր, Գառնու տաճար, Ազատ գետ և Խոր Վիրապ։ Գառնի-Լանջազատ ճանապարհի վերակառուցումը հնարավորություն կընձեռնի զբոսաշրջիկներին` էականորեն խնայել ճանապարհների վրա ծախսվող ժամանակը։
Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ֆինասավորմամբ, նախատեսվում է իրացնել մոտ երկու միլիարդ դրամ»։
--00—ՄՀ