Ապակիների վրա պարողները 

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 14, 24News

նկար

«Նրանք քանակ էին, նրանք ուժ էին, նրանք վախ էին։ 

Այստեղից էր նրանց քաջությունը`  համարձակությունը ստորների»։ 

Հյուգո, «Իննսուներեքը»

 

Հրդեհված Հայաստանում կրակը հանգելու միտում չունի․ կա էլ ավելի բորբոքվելու հակվածություն։ Պետությունը կարգավորելու կոչվածները ոչ թե ջրով դույլերի հետևից են գնում, այլ չորացած ցախ են գտնում համապետական խարույկը թեժացնելու համար։ 

Եվ եթե քաղաքական միտքը դեռևս տարիներ առաջ լքել էր ասպարեզը, ապա այսօր բեմն ու եթերը պղտորված են կեղտոտ լեզվի արտադրանքով, և քաղաքացին ամեն օր հեռուստացույցի ջրիկ էկրանից սպասում է ստանալ հայհոյանքի տպավորիչ դոզան՝ հաճույք ստանալով աղբի բուրմունքից։ 

Հայրենական լակոտակրատիան առատացնում են սիրո ու համերաշխության լուզունգներ բարբաջողները, հեղափոխություն հռչակած, բայց իրականում դավադրության քողի տակ վերև սողոսկած  թավշյա ջահելները։ Հայաստանը երբեք չի ունեցել մտավոր հետամնացությամբ և կամային թուլությամբ տառապող, բայց պատուհասության հարցում նման ագրեսիվություն դրսևորող այսպիսի համառ վարչակազմ։ 

Փաշիստների գոյությունը կախված է իրենց իսկ թուլությունից՝ խղճահարություն առաջացնող, խաբող և մանիպուլացնող։ Սա կարճաժամկետ տևողության ու ողբալի ավարտի խոստում ունի։ 

Հանրապետությունը հիմնովին ջարդված է, և այսօրվա յուրաքանչյուր խոստում այն արագ վերականգնելու մասին լոկ խոսք է և ոչ թե միտք, որը բխում է պոպուլիզմից, ինքնավստահությունից, ցածրորակ նախընտրականի տրամաբանությունից։ 

Եվ խոսքը ոչ այդքան գործող անձերի անձնական և գործնական հնարավորությունների մասին է, որքան համատարած մի մեծ սեգմենտի։ 

Նիկոլիզմը զանգվածներին ամբոխի ձև ու էություն տվեց, լիցքավորեց թշնամանքով, ու շարունակում է անդադար կարծրացնել։ 

Առաքելակիր ու նպատակասլաց իշխանության ջանքերի մեջ է մտնում մարդուն դարձնել քաղաքացի, քաղաքացուն պատրիոտ, դաստիարակել պետական շահի և ինդիվիդուալ ազատության շիտակության մեջ։ Նրան բարձրացնել հոգևոր ու մտավոր այն մակարդակին, երբ ազատ կամաարտահայտումը նշանակում է պատասխանատվություն, ոչ թե սանձարձակություն։ 

Փաշիստները հայերին մատուցում են ատելության ուտելիքներ, թույնով լցված բաժակներ և մաղձոտ այս մոտեցումը ժողովրդի մի մեծ քանակի առանձնացրել ու պահում է անհավասարակշիռ վիճակում։ 

Իռացիոնալիզմից դեպի ռացիոնալիզմ բերելը գերխնդիր է լինելու, քանի որ մարդիկ դժվար են ընդունում սեփական սխալները և մոլորվածության փաստը ճանաչելու փոխարեն գերադասում են մարտնչել։ Տհաս հասարակությունները երջանիկ չեն լինում, որովհետև ապուշի ուրախությունը թվացյալ է, ոչ թե իրական։

Բնականաբար, հասարակությունը բաղկացած է տարբեր շերտերից, բայց կառավարման հմտությունը հենց նրանում է, որ կարողանաս կառավարել և վերահսկել բոլոր դասակարգերին և թույլ չտալ ստորին հատվածի վերելքը։ 

Նիկոլ Փաշինյանը ինքնին կեղծ կատեգորիա է, ով գիտակցում է, որ երբեք չի կարող լինել ինտելեկտուալ ու կայացած մարդկանց առաջնորդը․ դրա համար նա ընտրեց «երեք միլիոն վարչապետերի» հակապետական մոտեցումը և շեշտը դրեց ամենապրիմիտիվ, ցածրորակ խավի վրա։ Սա հանցագործություն էր պետության դեմ։ 

Ավելի անազնիվ բան հայ մարդու դեմ չէր կիրառվել, որովհետև միջավայրը թունավորում են միայն թշնամիները, այն էլ ասպատակությունից հետո, երբ պիտի թողնեն, հեռանան։ 

Փչացածների կաստան իր վերջին է հասցնում Հայաստանի մարդավայել լինելիության հնարավորությունը, զրոյացնում է շանսերը։ 

Այն, ինչը սկսեց Նաիրի Հունանյանը, ավարտում է Նիկոլ Փաշինյանը։ 

Եվ համապետական մոտալուտ ընտրությունները՝ դեռ քվեարկության չհասած, արդեն իսկ տանուլ են տրված, որովհետև ոչ թե ելքն է կանխորոշված, այլ շարունակությունն է տեսանելի։ 

Փչացվածության այս մթնոլորտում ողջախոհությունը իր տեղը չի կարող գտնել, քանի որ բանավեճի փոխարեն հայհոյանք է, մրցակցության փոխարեն ատելություն, պայքարի փոխարեն եղբայրասպանության կոչեր։ Կուտակված լարվածությունը հանդարտ ձևով չի պարպվելու, և ցասումը բախումի է վերածվելու։ 

Դարձի չեկող հասարակության համար սա է ֆիլտրացման ճանապարհը՝ անցանկալի, բայց անհրաժեշտ, որի տևողությունը, ընթացքի բեկբեկումները և վերջնաժամկետը տեսանելի չեն։

Նիկոլը 2000 թ. կեսերից երկրում հաստատուն, հստակ դարձած ու թափ հավաքած իշխանության կատարած սխալների համալիր արդյունք է։ Երբ որ, այդ ժամանակ, կառավարման շեշտադրումները փոխվեցին, տուր և առը դարձավ պետական կատեգորիա, ուրացումը հաջողության գրավական, ծառայամտությունը առաջընթացի երաշխիք և քաղաքականությունն էլ իջավ Հովիկի և Գագիկի մակարդակին, իսկ իշխանամերձ մեդիաները անդրավարտիքի կեղտն ու պարունակությունը ցուցադրող և մեկնաբանող էին (են), ապա չէր կարող այս գարշահոտից չծնվեր աղբատեսակը՝ մարտնչող ու վավաշոտ, վնասատու և ապականող և ի վերջո ազգակործան ու պատուհաս։ 

Եվ հանրապետությունը շուշաբանդե տնակի պես փլվեց, ու հիմա խաղացողները պարում են փշրված ապակիների վրա։ 

Որպեսզի տեղի ունեցած աղետը հարատևության չվերածվի, հավատավոր, համարձակ ու գիտակից մարդիկ կամքի գերլարման շնորհիվ պետք հույսը չկորցնեն ու գործեն, լինեն արթուն ու կտրուկ, շարժվեն իրատեսությամբ և ոգեղենության վերելք ունենան։ 

Մենք դատապարտված չենք, այլ պետությունն է գերի ընկած, և որպեսզի դատապարտյալի չվերածվենք, կարիք ունենք առաջին իսկ պատեհ առիթը օգտագործել ու թավշյա թաշախուստը դեն շպրտել հարթակից և մեր կյանքից։ 

P. S. Հիվանդ այս երկրում, երբ պետությունը ղեկավարելու կոչվածը երեք տարիների ժամանակի մեջ րոպե ու առիթ բաց չի թողնում խեղելու ու խենթացնելու հայրենակիցների ջլատված կենսությունը, բորբոքված գիտակցությունը ու ուտում է բոլորի ներվային էներգիան և ջախջախված կառավարումից հետո նորից քվե ու ապագա է մուրում` գոհ պարծենկոտությամբ և խեղանդամի վրիժառությամբ, իսկ մյուսները զբաղված են ինքնագովեստով ու ծրագրային խաբեությամբ և բացառության շարքերում են մեկ-երկուսը, այս երկիրը, մեր երկիրը չի կարող ոտքի կանգնել, մեջք շտկել, գլուխ բարձրացել։ 

Այստեղ եղբայրասպանությունն է քարոզի կարգախոսը, և ինքնաոչնչացումն է ընթացքի բաղադրությունը։ 

Եվ քանի որ պատերազմի կոտորածը չսթափեցրեց, ներքին սպասվող ջարդերն էլ չեն լրջացնելու։ 

Մեզ վրա խաղաղություն կմաղվի, երբ Պինոչետի պատասխանատվությամբ հովիվ հայտնվի մեր երկրում, և այս տրագեդիան հասցնի ավարտին։

Հիշենք, թե Մովսեսը ինչով զբաղվեց, երբ Տիրոջը լսելուց հետո իջավ ու տեսավ իր հրեա ազգի կռապաշտությունը։ 

Ռուբեն Վարդանյան 

Պատմաբան, հրապարակախոս

--00—ԼՄ