ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան էջում գրել է.
«Սոչիում կայացած խիստ արդյունավետ հանդիպումից հետո, որից ահավոր գոհ էին հանդիպման բոլոր դերակատարները, այսօր ադրբեջանցի զինվորականները գերեվարել և սպանել են Արցախի Ճարտար քաղաքի բնակիչ Սեյրան Սարգսյանին։
Այսօր ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանցիները ներխուժել են Ճարտար քաղաքի վարչական տարածքի հարևանությամբ տեղակայված չեզոք գոտի, բռնությամբ արցախցուն տեղափոխել են ադրբեջանական հենակետ, որտեղ և հայ հովվին սպանել են։
Արցախյան կողմում տեղակայված տեսախցիկներն արձանագրել են արցախցու գերեվարումն ու սպանությունը։
Մինչ այս պահը Սեյրան Սարգսյանի դին չի փոխանցվել հայկական կողմին։
Չմոռանանք նաև, որ Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները այլևս երկկողմ ձևաչափով սկսել են «արդյունավետ» քննարկումներ իրականացնել։
Չգիտեմ՝ արցախցի հովվի գերեվարումն ու սպանությունը մտնո՞ւմ է երկկողմ հետաքրքրություն ներկայացնող թեմաների մեջ, թե՝ ոչ, պարզապես մեկ անգամ եւս վերհիշենք, որ Սոչիի հանդիպումից եռակողմ ու հատկապես երկկողմ իդիլիան կատարյալ էր»։
--00--ԱԹ