ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24 News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետության և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստին հանդես է եկել ելույթով: Կառավարության ղեկավարն անդրադարձել է երկու երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային գործընթացներին:
«Մեր երկրների համար կարևոր է մշակույթի բնագավառում համագործակցության ընդլայնումը, քանի որ մեր ժողովուրդները կարող են միմյանց ներկայանալ հարուստ մշակութային ժառանգությամբ և ներուժով, իսկ հումանիտար ոլորտում համագործակցությունը հատկապես կարևոր է երկու ժողովուրդների միջև բարեկամական ավանդույթների շարունակականության ապահովման առումով: Միաժամանակ վստահ եմ, որ կարիք ունենք հայ–վրացական մշակութային կապերի որակապես նոր օրակարգի ձևավորման, այն է՝ զուտ մասնակցային ձևաչափից անցում կատարել համատեղ մշակութային նախաձեռնությունների դաշտ, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցելիս միասնական հայտերի ներկայացման սկզբունքի կիրառմամբ: Ուրախ եմ, որ այս ուղղությամբ արդեն իսկ առկա է ակտիվ երկխոսություն:
Խոսելով մշակութային փոխգործակցության մասին՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր վրացի գործընկերներին Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական հայկական դրամատիկական թատրոնի նոր շենքի հիմնանորոգման աշխատանքների իրականացման, ինչպես նաև թատերախմբի գործունեությանը շարունակական աջակցություն ցուցաբերելու համար:
Հաշվի առնելով արդեն իսկ ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի կառավարության միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիրը՝ երկու երկրների զբոսաշրջության զարգացման համար պատասխանատու կառույցները պետք է շարունակեն ջանքեր գործադրել արդյունավետ համագործակցություն ապահովելու ուղղությամբ, մասնավորապես՝ երկու երկրների զբոսաշրջային գործակալությունների կողմից համատեղ փաթեթների մշակման միջոցով։ Այս առումով մեր վրացի գործընկերներին առաջարկում ենք մշակել զբոսաշրջության ոլորտում հայ-վրացական համագործակցության ամրապնդման գործողությունների ծրագիր։ Այս գաղափարը նոր չէ և մենք խոսել ենք և պետք է մեր զբոսաշրջային կազմակերպություններին քաջալերենք, որպեսզի նրանք միասնական փաթեթներ դուրս բերեն շուկա, այսինքն ուղղությունը լինի ոչ թե Հայաստան կամ Վրաստան, այլ ուղղությունը միանգամից լինի Հայաստան և Վրաստան, Վրաստան և Հայաստան: 2019 թվականին Հայաստանը զբոսաշրջության ռեկորդային ցուցանիշ ունեցավ և մեր փորձը ցույց տվեց, որ այս կարգի փոխգործակցությունը շատ արդյունավետ է և կարող է արդյունքների բերել:
Սպորտի և երիտասարդության ոլորտում համագործակցության հետագա զարգացման նպատակով անհրաժեշտ է ակտիվացնել տարբեր մարզաձևերից հավաքական թիմերի համատեղ ուսումնամարզական հավաքների, Հայաստանի և Վրաստանի մարզաբազաներում համատեղ մարզումների, սպորտային բժիշկների ու մարզիչների համար սեմինարների կազմակերպումը:
Նաև Հայաստանի և Վրաստանի շրջանների միջև ապակենտրոնացված համագործակցությունը նույնպես զարգացման մեծ հնարավորություններ ունի: Այս համատեքստում պետք է դիտարկել նաև միջազգային կառույցների կողմից ֆինանսավորվող անդրսահմանային համագործակցության տարբեր ծրագրերին հետագա ներգրավման հնարավորությունը:
Պարոն վարչապետ, եթե Դուք դեմ չեք գաղափարին, ես մտածում եմ օրինակ, որ մեր սահմանամերձ մարզերի, շրջանների ղեկավարների մակարդակով նույնպես կարող ենք որոշակի փոխգործակցության հնարավորություն ստեղծել և փորձենք ապահովել բոլոր մակարդակներում մեր հարաբերությունների զարգացումը:
Նաև բնապահպանության ոլորտում մեծ պոտենցիալ եմ տեսնում, հաշվի առնելով, որ գլոբալ բնապահպանական մարտահրավերներն այլևս վերազգային բնույթ են կրում: Դրանց հասցեագրումը ևս պահանջում է միջազգային համագործակցության ընդլայնում և ջանքերի միատեղում գլոբալ և տարածաշրջանային մակարդակներում:
Հարգելի՛ գործընկերներ,
Ավարտելով խոսքս՝ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել միջկառավարական հանձնաժողովի նիստի բոլոր մասնակիցներին՝ նիստն իրականություն դարձնելու և կատարված արդյունավետ աշխատանքի համար։ Վստահ եմ, որ նիստի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունները նոր լիցք կհաղորդեն հնարավոր բոլոր ուղղություններով մեր երկկողմ համագործակցությանը։
Շնորհակալություն»:
--00—ՄՀ