ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News
Այսօր՝ դեկտեմբերի 26-ին Արցախի ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրել։ Այն վարում էր հանձնաժողովի նախագահի տեղակալ Մարսել Պետրոսյանը։
24News-ի հետ զրույցում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արթուր Մոսիյանը նշեց, որ վաղը Արցախի Ազգային ժողովում ժամը 11:00-ին տեղի է ունենալու արտահերթ նիստ, որի ժամանակ ներկայացվելու է հայտարարության տեքստ:
24News-ի հետ զրույցում Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց, որ այսօրվա հանդիպումից մանրամասներ չի կարող ներկայացնել, վաղը կայանալիք ԱԺ նիստից հետո ամեն ինչ պարզ կլինի։
«Աջարկում եմ հետևել վաղվա ԱԺ արտահերթ նստաշրջանի նիստին, բավականին լուրջ հայտարարություններ կլինեն և կներկայացվի Արցախի հստակ դիրքորոշումը և դա կարծում եմ բեկումնային է լինելու: Առաջին անգամ Արցախի Խորհրդարանի ընդդիմադիր և իշխանական խմբակցությունները միասնական դիրքորոշում հայտնեցին: Վաղը նիստում միասնական հայտարարություն և մտքերի փոխանակում կլինի, որից պարզ կդառնա Արցախի դիրքորորոշումը և հետագա քայլերը»:
Հարցին, թե արտահերթ նիստի անհրաժեշտությունը արդյո՞ք առաջացել է Նիկոլ Փաշինյանի ասուլիսի ժամանակ Արցախի մասին կատարած հայտարարություններից հետո, պատգամավորը պատասխանեց.
«Այո, նիստ գումարելու անհրաժեշտությունը հասունացրեց Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 24-ի խայտառակ ասուլիսը, որտեղ անբռնազբոս կերպով նա Արցախի հարցը փակեց, եթե մինչ այդ ուղղակի դիվանագիտորեն էր դա անում, հիմա հստակ իր դիրքորոշումը ներկայացրեց: Եթե այս հայտարարությունից հետո թե՛ ընդդիմադիր, և թե՛ իշխանական խորհրդարանական ուժերը չզբաղվեն կոնկրետ քաղաքական գործունեությամբ, կարելի է փակել Արցախի հարցը: Այդ ասուլիսին շատ վտանգավոր հայտարարություններ է արել, ասելով՝ Արցախը հայկական չի կարող լինել, որովհետև չի եղել հայկական, մեզ տանելով 1988-ից ավելի հետ, կարևոր հայտարարություն արեց, ասաց՝ կարող էր այնպես անել, որ պատերազմ չլիներ, բայց գնաց այդ ճանապարհով: Նա բացահայտ հանցագործության մասին հաղորդում է տվել, պետք է այդ հարցով զբաղվեն»,- եզրափակեց պատգամավորը: