ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29, 24News
Դեկտեմբերի լույս 27-ի գիշերը, ժամը 3.40-ին, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները, գիշերային շրջիկ ծառայության ընթացքում, Գյումրու Օզանյան փողոցում նկատել են մի քաղաքացու՝ ձեռքին ծածկոցով փաթաթված ինքնաձիգի նմանվող առարկա։ Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Նրան անմիջապես բերման են ենթարկել բաժին։ Ծածկոցի միջից հայտնաբերվել է գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգ, պահունակ և ինքնաձիգի 16 փամփուշտ:
Բերման ենթարկվածը հայտնել է, որ ինքնաձիգը բերել է 2020 թվականի հոկտեմբերին` Արցախյան 44-օրյա պատերազմից վերադառնալիս:
Նյութերի նախապատրաստման ընթացքում նույն օրը բերման ենթարկվածի տան և մեքենայի զննությամբ հայտնաբերվեցին ինքնաձիգի պահունակ՝ լիցքավորված 7,62 մմ տրամաչափի 5 փամփուշտով։
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են։
--00--ԱԹ