ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«Կարող եք ուսումնասիրել թուրքական մամուլը կամ թուրքական ընդդիմության կիրառած բառապաշարն իրեց նշանակած հատուկ ներկայացուցչի մասին: Միայն հարգանք ու աջակցություն կտեսնեք իրենց պետությունը ներկայացնող գործչի նկատմամբ:
Ի՞նչ է, կարո՞ղ է Թուրքիայի նախագահ Էրդողանը ներքաղաքական հակառակորդներ ու ընդդիմադիրներ չունի։ Բայց նրանք բոլորը պետական մտածողություն ունեն, պետությունը ներկայացնողին կարողանում են ներքաղաքական կյանքից զատ դիտարկել և ոչ թե ամեն առիթով վարկաբեկեն իրենց իսկ ներկայացուցչին և դրանով օգնեն մեզ կամ այլոց:
Հայաստանի ներսում ամբողջովին հակառակ պատկերն է. այստեղ պետությունն ու իշխանությունն այդպես էլ ընդդիմության աչքում չեն տարանջատվում: Հիմա որ մեր պառլամենտում կամ մամուլում ամեն ինչ անում են, որ վարկաբեկեն մեր պետության ներկայացուցչին, ի՞նչ կարծիքի եք` դրանից ո՞վ է շահում. մի անգամ ասել եմ ու կրկնում եմ` միայն Թուրքիան:
Հայաստանի` Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերով բանագնացին վարկաբեկելը ձեռնտու է միայն Թուրքիային:
Անձնական և քաղաքական ճաշակը մի կողմ դրեք, երբ պետության հարցն է։ "Հայաստանը` ամեն ինչից վեր" սկզբունքը սա է պահանջում»:
--00--ԱՀ