ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 24, 24News
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը փետրվարի 20-ից 22-ն այցելել է Իրանի Իսլամական Հանրապետություն։ Պատվիրակության կազմում ընդգրկվել է ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։
«Այցի շրջանակներում հանդիպում է եղել Իրանի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի կենտրոնի պետ, բրիգադի գեներալՄաջիթ Քարամիի հետ։ Քննարկվել են թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտի հետ կապված մի շարք հարցեր, պայմանավորվածություն է ձեռք բերվել ակտիվացնել համագործակցությունը կապի սպաների միջոցով, կազմակերպել Հայաստանի ոստիկանության ծառայողների համար վերապատրաստումներ Իրանի ոստիկանական կրթական հաստատություններում, ինչպես և ակտիվացնել սահմանային համագործակցությունը երկու իրավապահ կառույցների միջև»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ըստ աղբյուրի՝ այցի ընթացքում Արամ Հովհաննիսյանին ներկայացվեցին թմրամիջոցների հայտնաբերման նպատակով օգտագործվող հատուկ մասնագիտացված սարքավորումները և տակտիկական հնարավորությունները։
Նշվում է, որ նույն օրը Հայաստանի ոստիկանության պետի տեղակալին ընդունել է Իրանի ոստիկանության պետի տեղակալ Քասեմ Ռեզային։ Նա հույս է հայտնել, որ հայ գործընկերների հետ ձևավորված համագործակցությունը կընդլայնվի, փորձի փոխանակման նպատակով կիրականացվեն նոր հանդիպումներ և այցեր: Արամ Հովհաննիսյանը, կարևորելով հանցավորության դեմ պայքարում Իրանի իրավապահ մարմինների հետ սերտ համագործակցությունը, պատրաստակամություն է հայտնել այն ամրապնդելու ուղղությամբ ձեռնարկել անհրաժեշտ միջոցառումներ։
--00--ՍԳ