ՌԴ-ն պատրաստ է պատվիրակություն ուղարկել Մինսկ Ուկրաինայի հետ բանակցելու համար. Պեսկով 

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 25, 24News

պեսկով

Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է Բելառուսի մայրաքաղաք Մինսկ գործուղել պատվիրակություն Ուկրաինայի հետ բանակցություններ անցկացնելու համար։ Այս մասին ուրբաթ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը։ 

«Այդ պատվիրակության մեջ կարող են մտնել ՌԴ պաշտպանության և արտաքին գործերի նախարարությունների, ինչպես նաև նախագահի աշխատակազմի ներկայացուցիչները», - նշել է նա։ 

Պեսկովը նաև հավելել է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաստիացրել է Պուտինին, թե Մինսկում կստեղծվեն բոլոր պայմանները բանակցային գործընթացի համար։ 

Հիշեցնենք, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կոչ էր արել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին բանակցություններ սկսել՝ ռազմական գործողությունները դադարեցնելու համար։

Փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: ԱՄՆ-ն ու ԵՄ-ն գնահատել են ՌԴ-ի այս քայլն իբրև Ռուսաստանի կողմից ուղղակի ագրեսիա ընդդեմ Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության։

--00—ԼՄ