ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 14, 24News
Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրն Ադրբեջանի կողմից տրված անվանումն է, իրականում մենք գործ ունենք Ադրբեջանի ուլտիմատումի հետ, որն իր մեջ ներառում է 5 կետ։ Այս մասին 24News-ին ասաց «Կովկաս» ինստիտուտի ավագ գիտաշխատող, քաղաքագետ, տնտեսագետ Հրանտ Միքայելյանը։
Մարտի 11-ին Թուրքիայի «Անադոլու» լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովն ասել էր, որ իր երկիրը Հայաստան է ուղարկել հարաբերությունների կարգավորման հինգ կետից բաղկացած փաստաթուղթ և սպասում է պատասխանի։ Բայրամովը նշել էր նաև, որ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը ևս մտնում են ադրբեջանական առաջարկների մեջ։
Այսօր Հայաստանի ԱԳ նախարարությունը հայտարարություն էր տարծել, որ Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի կողմից փոխանցված առաջարկներին ու ՄԱԿ կանոնադրության, Քաղաքական և քաղաքացիական իրավունքների միջազգային դաշնագրի և Հելսինկիի Եզրափակիչ ակտի հիման վրա Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության պայմանագրի կնքման նպատակով բանակցություններ կազմակերպելու համար դիմել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանն ասաց, որ մամուլում արդեն իսկ հրապարակումներ եղել են 5 կետանոց առաջարկի մասին։ «Այն պարունակում է նոր զիջումներ Հայաստանի կողմից, այդ թվում ենթադրում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչում, Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի վավերացում 2020 թվականին»։
Իսկ ի՞նչ պայմաններով Հայաստանը կհամաձայնի խաղաղության պայմանագիր կնքել, ապա ըստ քաղաքագետի՝ այն պայմաններով, որ առաջադրել է Ադրբեջանը։ «Ադրբեջանը ներկայացրել է 5 կետանոց ուլտիմատում։ Դրան ի պատասխան Հայաստանը դիմում է ԵԱՀԿ ՄԽ համանախագահությանը։ Սա նշանակում է, որ Հայաստանը պատրաստ է փակել Մինսկի խումբը, որովհետև դրանով վերջանում է ղարաբաղյան հակամարտությունը, վավերացնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և դրանով հարցը լուծում։ Սա է իրողությունը», - եզրափակեց «Կովկաս» ինստիտուտի ավագ գիտաշխատողը։
--00--ԿԿ