Լավագույն տղերքը հեռանում են…

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 30, 24News

Մենք անգամ չենք էլ նկատում, թե ինչպես են մեզնից, մեր միջավայրից հեռանում լավագույնները, որի հետևանքով օր օրի, տարեցտարի էլ ավելի ենք աղքատանում բարոյապես, մաշվում ու դառնում շատ ավելի անպաշտպան: Մենք հեշտությամբ, աննկատ բաժանվում ենք նրանցից, որոնք ձևավորում են մեր ինքնության կարևոր մի հատված, տալիս մեզ բովանդակություն ու նշանակություն, բայց որոնք երբեք ու երբեք չեն առաջնորդվում սեփական անձը տարփողելու ճանապարհով, այլ շատ ավելի ու կարևոր են դասում պետականը, երկրինը…



Կան մարդիկ, որոնց վրա է հենվում պետությունը: Այդ մարդկանց մասին դու ամեն օր չէ, որ հիշում ես, լսում կամ տեսնում նրանց: Բայց այդ մարդիկ են, որ ձևավորում են այն մեծ միջավայրը՝ պետությունը, որտեղ դու ապրում ես…



Մենք մեծ հաշվով չնկատեցինք, թե ինչպես մեզնից այս տարիների ընթացքում հեռացան այնպիսի վառ անհատականություններ ու հայկական դիվանագիտության, մեր երկիրն արտաքին աշխարհում լավագույնս ներկայացրած այնպիսի սյուներ, ինչպիսիք էին փայլուն դիվանագետներ Արման Կիրակոսյանն ու Ռուբեն Շուգարյանը, որոնք կարող էին արժանի տեղ զբաղեցնել աշխարհի մեծերի արտաքին քաղաքական գերատեսչություններում, բայց երջանիկ պատահականության շնորհիվ հայ ու հայաստանցի էին ծնվել: Որքան բան կորցրինք, երբ մեզնից հեռացավ պետական գործիչ ու դիվանագետ Վահան Հովհաննիսյանը, ում կյանքը մի ամբողջ հանրագիտարանի էր նման: Ու հենց նման նվիրյալների շնորհիվ էր, որ հնարավոր էր դառնում լուծել ազգային-պետական կարևորագույն խնդիրներ, որոնք տեսանելի չեն սովորական քաղաքացիներիս համար, բայց որոնք վճռական նշանակություն ունեին մեր երկրի և մեզնից յուրաքանչյուրի համար:



Ու հիմա հերթական բոթը: Երկարատև հիվանդությունից հետո վախճանվեց Արմեն Սարգսյանը՝ մարդ, որի կենսագրությունը ուղիղ շաղկապված էր մեր երկրի, պետության հետ: Զինվորական դեռևս խորհրդային տարիներից, արտակարգ և լիազոր դեսպան Հայաստանի համար կարևորագույն ուղղություններով: Արմեն Սարգսյանի մասին խոսելիս կարելի և պետք է օգտագործել բացառապես հետևյալ տերմինը՝ իսկական հայ տղամարդ՝ ազնվական տեսակով, խորաթափանց, հումորով, տեղ-տեղ խիստ ու զինվորականին վայել կարգապահ ու պահանջկոտ:



Արմեն Սարգսյանը գնաց միանալու այն աստղաբույլին, որոնց մասին ֆիլմեր չեն նկարվել, բայց որոնց կյանքը նման է եղել ֆիլմի՝ երկրի ծառայությանը նվիրված ֆիլմի:



Զինվորական, դիվանագետ Արմեն Սարգսյանը նաև երաժիշտ էր՝ ջութակահար՝ գերազանցությամբ ավարտած Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը: Ապագա դիվանագետն ու զինվորականն այնքան էր արմատներով կապված մշակույթի ու արվեստի հետ, որ ուսանողական տարիներին երգում էր մաեստրո Հովհաննես Չեքիջյանի կապելլայում:



Ու այս կադրերում դեսպան Սարգսյանը Բուլղարիայում կատարում է մեծն Կոմիտասի «Կռունկը»՝ ստանալով հանդիսատեսի զարմանքն ու բուռն ծափահարությունները:



Իսկապես այդպես է՝ լավագույն տղերքը հեռանում են… Խնայել է պետք, հիշել լավագույններին…

24News-ը ցավակցում է Սարգսյանների ընտանիքին…

--00--ՀԶ