ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 17, 24News
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը ֆեյսբուքյան էջում մի լուսանկար է հրապարակել ու գրառում արել:
«Սա «ուրախ» ավտոբուսն է: Մոտավորապես 8 անց 30-ից այս ավտոբուսում մեր տասից ավելի քաղաքացիներն են: Նրանց բերման են ենթարկում անհնազանդության խաղաղ ակցիայից:
Այս ավտոբուսը հասցրել է լինել Արաբկիրի, Զեյթունի բաժիններում, փորձել է շեղվել դեպի Մասիվ, հետո մտափոխվել է, այնուհետև Էրեբունի բաժին, բայց էլի ապարդյուն:
Ոստիկանության այս բաժինները մեր բերման ենթարկվածներին չեն ընդունում, տեղ չկա: Չգիտեմ, թե ուր կտանի ճանապարհը «ուրախ» ավտոբուսին, բայց շուտով 3 ժամը լրանում է:
Բարի ճանապարհորդություն, ընկերներ: Հուսամ հասցրեցիք հիանալ Երևանի գեղեցկությամբ»,-նշել է նա:
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել, փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։
--00--ՀԶ