ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 27, 24News
Մոսկվան դեմ չէ արտատարածաշրջանային խաղացողների ներգրավմանը, եթե նրանք գործում են առկա եռակողմ հայտարարությունների շրջանակում և նպաստում դրանց իրականացմանը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իվան Նեչաևը։
«Տարածաշրջանային ուղղությամբ մեր աշխատանքում առաջ ենք քաշում բացառապես կառուցողական օրակարգ, չենք պատրաստվում մրցակցել որևէ մեկի հետ: Ունենք կառուցողական նպատակներ»,- նշել է նա:
Անդրադառնալով Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորմանը, Նեչաևը հավելեց, որ իրենք բազմիցս նշել են, որ համապատասխան ջանքերը պետք է գործադրվեն Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների հիման վրա։
«Մենք դեմ չենք արտատարածաշրջանային խաղացողների ներգրավմանը, եթե նրանք գործում են վերը նշված համաձայնագրերին համապատասխան և նպաստում դրանց իրականացմանը: Կարևոր է թույլ չտալ «թաքնված խաղեր»՝ ինչ-որ մեկին թուլացնելու կամ գործին խոչընդոտելու համար, թեև, ցավոք, բազմիցս հանդիպել ենք նշված դերակատարների կողմից նման գործելաոճի»,- շեշտեց Իվան Նեչաևը։
--00--ԱՀ