ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 7, 24News
Արմավիրի մարզի Արշալույս համայնքի նախկին ղեկավար Զարզանդ Մերուժանի Գրիգորյանը հրավիրվել է ՀՀ Գլխավոր դատախազության Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչություն։ Այս մասին տեղեկանում ենք «Ազդարար» պաշտոնական հայտարարությունների կայքից:
Նախկին համայնքապետին ուղարկված ու կայքում հրապարակված ծանուցագրի համաձայն՝ իրեն պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր:
Զարզանդ Գրիգորյանը Երկրապահ կամավորականների միության նախկին նախագահ, նախկին պատգամավոր, պաշտպանության նախկին փոխնախարար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի եղբորորդին է։
Ըստ Azdarar.am կայքի՝ վարչություն է հրավիրվել նաեւ նրա կինը՝ Կարինե Մուշեղի Գրիգորյանը, ու ևս մեկ անձ՝ Թամարա Երջանիկի Գրիգորյանը, ով Զարզանդ Գրիգորյանի՝ նախկինում ներկայացրած հայտարարագրում նշված է որպես «Համատեղ բնակվող չափահաս անձ»։
Վերջին երկուսին ուղարկված ծանուցագրերում նշված է, որ «․․․ վարչությունում Զարզանդ Մերուժանի Գրիգորյանին պատկանող գույքի առնչությամբ իրականացվել է ուսումնասիրություն, որի արդյունքում կազմվել է ամփոփագիր, ինչի հիման վրա հաշվառված գույքը հանդիսանում է բռնագանձման առարկա»:
Սերգեյ Առաքելյան
--00—ԱՊ