ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 12, 24News
Այսօր՝ հոկտեմբերի 12-ին, արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանն ընդունել է Հայաստանում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Նիկոլաս Յակոբ Սխերմերսին։ Հանդիպմանը մասնակցել են նաև դեսպանության քաղաքականության հարցերով պատասխանատու Լարիսա Հարությունյանը և ԱԻ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԻՆ-ից:
Հանդիպման ընթացքում ԱԻ նախարարը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար և նշել, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը միշտ պատրաստ է ինչպես առկա համագործակցության խորացման, այնպես էլ նոր առաջարկների քննարկման համար:
Ի պատասխան՝ դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշել, որ դեսպանությունը նոր է սկսել իր առաքելությունը Հայաստանում և այժմ իր առջև ունի դրված խնդիր տարբեր ոլորտներում ակտիվացնելու հայ-նիդերլանդական համագործակցությունը, իսկ իր այցի հիմանական նպատակը արտակարգ իրավիճակների բնագավառում հնարավոր ուղղությունների նախանշումն է:
Դեսպանը հատուկ մեջբերել է իր երկրի առաջնահերթությունները համարվող երեք հիմնական ուղղությունները՝ ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և լավ կառավարման մեխանիզմներ: Նշել է, որ գենդերային հավասարության խնդիրը խիստ շեշտադրված է նիդերլանդական կառավարության քաղաքականության մեջ:
Ի պատասխան՝ նախարար Փամբուխչյանը հայտնել է, որ դեսպանի մեջբերած առաջնահերթությունները ամուր հիմքերի վրա դրված են թե՛ ՀՀ կառավարության, թե՛ ԱԻ նախարարության գործունեության հիմքում, և որ նախարարության կադրային քաղաքականությունը հիմնվում է հենց այս սկզբունքի վրա: Կանայք նախարարության և՛ սպայական կազմում, և՛ քաղաքացիական ծառայության համակարգում հավասար մրցութային հիմունքներով մասնակցում և զբաղեցնում են բարձր պաշտոններ, ինչպես նաև ստանում բարձր սպայական կոչումներ:
Նախարարը շեշտել է, որ թեև Նիդերլանդները ամենահաճախը աղետներից առնչվում են հեղեղումների հետ, սակայն մեծ է նաև անտառային հրդեհների վտանգը, և որ Հայաստանը պատրաստ է կիսվելու անտառային հրդեհների դեմ պայքարի իր ունեցած հարուստ փորձով: Նա դեսպանին ներկայացրել է վերջին տարիներին անտառային հրդեհների դեմ պայքարի հայկական փորձառությունը՝ ի դեմս Խոսրովի արգելոցում տեղի ունեցած խոշոր և շարունակաբար ավելի փոքր ծավալներով կրկնվող միջադեպերի, հայտնել է, որ այս առումով ԱԻՆ-ը շարունակաբար կատարելագործում է իր կարողություններն ու հմտությունները և պատրաստ է Նիդերլանդների ոլորտի պատասխանատուների հետ համագործակցության ակտիվացման և փորձի փոխանակման համար:
Նախարարը հայտնել է նաև, որ ակտիվ աշխատանքներ են տարվում կամավորական ջոկատների ստեղծման ուղղությամբ, ինչը ենթադրում է դժվար հասանելիություն ունեցող տեղամասերում առաջին արձագանքողների թվի ավելացում և կարողությունների կատարելագործում:
Դեսպանը ողջունել է կամավորական ջոկատների զարգացման գաղափարը և նշել, որ տեղյակ է տարվող աշխատանքներից և կամավորների գործունեությանն անձամբ ծանոթացել է Խոսրովի արգելոցում:
Դեսպան Սխեմերսը, անդրադառնալով 2022 թվականի սեպտեմբերի 13-ին տեղի ունեցած ադրբեջանական ագրեսիային, հայտնել է, որ ի թիվս այլ երկրների դիվանագիտական ներկայացուցիչների՝ այցելել է Ջերմուկ, Վարդենիս և Սոթք, տեղում ծանոթացել իրավիճակին: Դեսպանը հատուկ շեշտել է, որ թիրախային հատվածներում բնակչության անվնաս դուրսբերման և պաշտպանության գործում խիստ հատկանշական է ԱԻՆ անձնակազմի ցուցաբերած բարձ մասնագիտական պատրաստվածությունը:
Դեսպանը, անդրադառնալով Ներքին գործերի նախարարության ստեղծման թեմային, հայտնել է, որ բերեփոխումների մշակման գործում Նիդերլանդներն իր մասնակցությունն է ունեցել խորհրդատվության առումով:
Դեսպանը հայտնել է, որ պատրաստ է հանդես գալ որպես կոնտակտային անձ նոր ստեղծվող նախարարության և Նիդերլանդների ՆԳՆ միջև նախատեսվող համագործակցության ձևավորման գործում, ինչպես նաև հանձն առել քննարկված թեմաների շուրջ համագործակցային կապերի ստեղծման համար՝ թե՛ անտառային հրդեհների և թե՛ սեյսմոլոգիայի ոլորտներում:
--00—ԻԴ