ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News
Երեկ՝ հոկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։50-ի սահմաններում «Արաբկիր» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ նախաբազկի շրջանի պատռած վերք և ձախ գոտկային շրջանի կտրած վերք-թափանցող» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Նոր Նորքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Իգոր Մեսրոպյանի գլխավորությամբ։ Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 15-ամյա Նարեկ Ռ․-ն է։
Եվ նրան հիվանդանոց տեղափոխած անձինք հայտնել են, որ երեխան Երևանի Ն․ Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում ֆիզկուլտուրայի դասի ժամանակ անզգուշաբար ընկել է։
Մինչ բժիշկները պայքարում էին երեխայի կյանքի համար, ոստիկանության Երևան քաղաքի վարչության անչափահասների գործերով բաժնի և ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախուզության և անչափահասների գործերով բաժանմունքների ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ միջոցառումներ, պարզել են, որ Նարեկ Ռ․-ին նշված վնասվածքը պատճառել է Երևանի բնակիչ 15-ամյա Արման Ա․-ն։
Ոստիկանները հայտնաբերել են նրան և ներկայացրել Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռվել է վարույթ։ Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորն ու նրան դանակահարած կասկածյալը սովորում են Երևանի Ն․ Աճեմյանի անվան տարածաշրջանային թիվ 2 պետական քոլեջում։
--00--ԱՀ