Երկրների ինքնիշխանության հարգումը կարևոր սկզբունք է. Իրանի ԱԳ նախարարը՝ ադրբեջանցի պաշտոնակցին

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 16, 24News

դս

Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը և Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել:

Իրանի ԱԳՆ-ն այս մասին հաղորդագրություն է տարածել` նշելով, որ պաշտոնյաները քննարկել են երկկողմ հարաբերություններին առնչվող և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

Ինչպես գրում է mehrnews.com-ը, երեքշաբթի երեկոյան Բայրամովի հետ հեռախոսազրույցում Ամիր Աբդոլլահյանը կրկնել է, որ երկրների ինքնիշխանությունը հարգելը կարևոր և հիմնական սկզբունք է, որը պետք է հաշվի առնել։

Զրույցի ընթացքում երկու կողմերն ընդգծել են երկու երկրների միջև հարաբերությունները բոլոր ոլորտներում շարունակելու և ամրապնդելու անհրաժեշտությունը՝ բարեկամական հարաբերությունների ամրապնդման և հնարավոր թյուրիմացությունների վերացման ուղղությամբ։

Աբդոլլահիանը հարևան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի հետ հարաբերությունների խորացումը Իրանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն է անվանել և շեշտել երկու երկրի միջև բազմակողմ հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը: 

Իրանի արտգործնախարարն իր ադրբեջանցի գործընկերոջը հրավիրել է մասնակցելու Թեհրանում կայանալիք «3+3» հանդիպմանը՝ որպես դիվանագիտական ռազմավարության միջոցով տարածաշրջանային խնդիրների լուծման շրջանակ։

--00—ԻԴ